Կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարմանն ուղղված գանձապետարանի հաշվին այս պահին կա շուրջ 660 մլն դրամ: Հայ մեծահարուստները՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հիմնադիրներ Սամվել և Կարեն Կարապետյանները, «Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները, ՀՀ ԱԺ պատգամավոր և գործարար Գագիկ Ծառուկյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր և գործարար Սամվել Ալեքսանյանը, ինչպես նաև Մայր Աթոռը և այլք, գումարներ են հանգանակել հիմնադրամին: Նրանցից ամենախոշորները ներկայացնում ենք ստորև:
Ըստ գումարի մեծության՝ նվիրատուների ցանկում առաջին հորիզոնականը կիսում են գործարարներ Սավել և Կարեն Կարապետյաններն ու Կարեն և Միքայել Վարդանյանները: Մասնավորապես, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ ի դեմս Սամվել և Կարեն Կարապետյանների, 100 մլն դրամ է հանգանակել գանձապետարանին, որից 50 մլն-ը փոխանցվել է «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացիները: Եվս 50 մլն դրամ կփոխանցվի ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի դեմ պայքարի համար բացված հատուկ հաշվեհամարին։
«Գրանդ Հոլդինգ»-ի սեփականատերեր Կարեն և Միքայել Վարդանյանները ևս փոխանցել են 100 միլիոն ՀՀ դրամ՝ վարակի տարածումը կանխելու և բուժաշխատողներին աջակցելու նպատակով:
Նշենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 26.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 660.766.504.3 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2698: Նկատենք, որ ստացված միջոցներն օգտագործվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների և սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման համար։