Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից եղել և 2018 թվականի ընթացքում էլ շարունակելու է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը: Պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ նշելով, որ ԼՂ խնդրում Հայաստանը շարունակելու է ջանքերը եռանախագահող երկրների հետ:
«Հայաստանը մարդկության դեմ հանցագործությունների և նոր ցեղասպանությունների կանխարգելման ջանքերում դարձել է առաջամարտիկ: 2018 թվականը Ցեղասպանությունների կանխարգելման կոնվենցիայի ընդունման 70 ամյակն է: Այդ կապակցությամբ Հայաստանն այսօր ջանքեր է գործադրում, որ նոր բանաձև ընդունվի ՄԱԿ-ի շրջանակում՝ մարդու իրավունքների խորհրդում»,- ասաց Նալբանդյանը:
Նա հիշեցրեց, որ 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, մեզ հաջողվեց ընդունել բանաձև, որը բոլորի կողմից ստացավ շատ լուրջ աջակցություն: Նախարարն ընդգծեց, որ մոտ 70 երկիր դարձավ բանաձևի համահեղինակ, սակայն այն ընդունվեց կոնսենսուսով, այսինքն որևէ մեկը չհանդգնեց դուրս գալ այդ բանաձևի դեմ:
«Այս տարի մենք նախաձեռնել ենք և այժմ աշխատանքներ են տարվում, որ այս կապակցությամբ նոր բանաձև ընդունվի: 2018 թվականի դեկտեմբերին մտադիր ենք անցկացնել նոր գլոբալ ֆորում՝ նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը: Դա մտադիր ենք անցկացնել դեկտեմբերն, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան մեր նախաձեռնությամբ դեկտեմբերի 9-ը հաստատեց որպես բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակման օր»,- ասաց ԱԳ նախարարը:
Հիշեցնելով, որ Հայաստանն արդեն նախագահում է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովում, հոկտեմբերին Երևանում կկայանա կառույցի գագաթնաժողովը, իսկ 2017 թվականի դեկտեմբերից սկսած նախագահում է ՍԾՏՀ-ում՝ նախարարը նշեց՝ շատ անելիքներ կան:
«Շարունակելու ենք ջանքերը երկկողմ հարաբերությունների զարգացման, ամրապնդման, ընդլայնման իմաստով, ինչպես նաև տարբեր միջազգային կառույցների շրջանակում՝ արձագանքելով տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին»,- հայտարարեց Նալբանդյանը: