Իտալիայում ապաքինվել է կորոավիրուսով վարակված 101-ամյա տղամարդը: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Sky TG24 իտալական հեռուստաալիքին, վերջինս դուրս է գրվել Ռիմինի քաղաքի հիվանդանոցից:
Տարեց տղամարդը հոսպիտալացվել էր անցյալ շաբաթ: «Սա իրական դրական պատմություն է բժիշկների, բուժքույրերի և ողջ բուժանձնակազմի համար»,- ուրախ իրադարձությունը մեկնաբանել է տեղի իշխանությունների ներկայացուցիչ Գլորիա Լիզին՝ տղամարդու ապաքինումն անվանելով «հույս' ապագայի համար»:
Նշվում է, որ օրեր առաջ վիրուսի դեմ երկշաբաթյա պայքարից հետո Բերգամոյի հիվանդանոցից դուրս են գրել մեկ ամսական երեխայի, որը լույս աշխարհ է եկել փետրվարի 11-ին: Նրան բարձր ջերմությամբ հոսպիտալացրել էին մարտի 3-ին:
Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 8000-ը, իսկ վարակվածներինը՝ 80 000-ը: