Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում արդեն մեծ թվով մահճակալներ են շարված կողք-կողքի: Այդ մասին վկայող լուսանկարներն արդեն ողողել են համացանցը: Փաստորեն, անհրաժեշտության դեպքում, համալիրը կծառայի որպես վարակակիրների բուժման վայր:
Երբվանից են սկսվել նախապատրաստական աշխատանքներն ու ինչ թվով մահճակալներ են տեղադրվել, փորձեցինք պարզել մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանից:
«Համալիրի մասնաշենքը պատկանում է պետական գույքին, այդ իսկ պատճառով ցանկացած որոշում այս պահին կայացնում է պարետատունը: Մենք ընդամենը զբաղվում ենք շենքի պահպանությամբ: Մյուս հարցերին պատասխանելու իրավունք չունեմ, տեղեկությունները պետք է տրամադրի պարետատունը»,- ասաց նա:
Նշենք, որ օրեր առաջ տեղեկացրել էինք, որ համալիրն ու պետական գույքին պատկանող այլ տարածքներ գույքագրվել էին, որպեսզի հարկ եղած դեպքում ծառայեին վարակակիրներին մեկուսացնելու կամ բուժելու նպատակով:
Նշենք, որ լուսանկարների լայն տարածումից հետո վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց հետևյալ հայտարարությունը՝
«Հարգելի գործընկերներ, Պարետատունը դիտարկում է կորոնավիրուսով պայմանավորված զարգացումների տարբեր սցենարներ և սցենարներից յուրաքանչյուրի համար պատրաստում համապատասխան արձագանքի մեխանիզմներ։ Առանձնացվել են տարբեր վայրեր, որոնք կարող են արդյունավետ ծառայել մեր համաքաղաքացիների մեկուսացման համար, եթե նման անհրաժեշտություն կառաջանա։ Վայրերից մեկն է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Ցանկանում ենք շեշտել, որ համալիրը այս նպատակով օգտագործելու անհրաժեշտություն կարող է և չառաջանալ»։