Արարատի մարզի Բուրաստան համայնքի ղեկավարի ու նրա ընտանիքի անդամների մոտ կորոնավիրուս է հաստատվել, նրանք մեկուսացված են։ Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ին հայտնեց Բուրաստանի համայնքապետ Աշոտ Թարվերդյանը։
Նա նշեց, որ ինքը, կինը և դուստրը ախտանշաններ են ունեցել, թեստավորում են անցել և պատասխանը դրական է եղել. «Արդեն երկրորդ օրն է մեկուսացված ենք: Ես հիմա գտնվում եմ Արտաշատի թերապևտիկ բաժանմունքում։ 60-ն անց եմ, բայց ընդհանուր առմամբ թեթև եմ տանում, հիմա ինձ լավ եմ զգում, մի պահ կարող է ջերմությունս բարձրանալ, հետո իջնել։ Կնոջս հետ կապված խնդիր կա, շաքարային դիաբետ ունի ու ջերմում է։ Նրան տեղափոխել են «Նորք» ինֆեկցիոն»,- ասաց նա:
Համայնքապետը պատմեց, որ ընտանիքով վարակվել են իրենց բարեկամուհուց. «Մեր բարեկամուհին, որը շփված է եղել վարակակրի հետ, վարակված է եղել, բայց չի իմացել, եկել է մեզ մոտ ու մեզ է փոխանցվել։ Նա վարակվել է հայտնի արտադրամասի աշխատակիցներից մեկից, որն իր ընկերուհին է: Հաստատվել է նաև հորեղբորս տիկնոջ մոտ, ինքն էլ իր աղջկանից է վարակվել»,- նշեց Թարվերդյանը։
Նրա խոսքով՝ համայնքում էլի բնակիչներ կան, որոնք վարակվել են ու մեկուսացված են։
Սոնա Հարությունյան