Նոր կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով հայտարարված արտակարգ դրությունը սրբագրել է Երևանի քաղաքապետարանի առողջապահական բոլոր հիմնարկների աշխատանքի տեմպն ու ժամանակացույցը:
Առաջին գծում շտապօգնության խմբեր են՝ զինված ու պատրաստ:
«Ծառայությունը միշտ է աշխատում արտակարգ ռեժիմով, առավել ևս՝ այս օրերին: Զգուշավորությամբ, բայց նաև միշտ պատրաստ սպասարկում ենք մեր բոլոր քաղաքացիներին: Այս ընթացքում շտապբուժօգնության ծառայության կողմից Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց է տարվել 1299 քաղաքացի», - նշում է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
Երևանի պոլիկլինիկաները ծանրաբեռնված են աշխատում դեռևս փետրվարից: Հերթապահում են նաև շաբաթ-կիրակի: Աշխատում են նաև ռենտգեն կաբինետները:
Պոլիկլինիկաներում անմիջապես մուտքի մոտ տեղում չափում են մարմնի ջերմասիճանը, կորոնավիրուսին հատուկ ախտանիշներով քաղաքացիներին ուղեկցում մեկուսարան:
«Ունեինք երկու խումբ՝ արտերկրից ժամանած քաղաքացիներ և քաղաքացիներ, որոնք շփում էին ունեցել հաստատված վարակակիրների հետ: Երկու դեպքում էլ սահմանել ենք 14-օրյա հսկողություն»,-ասում է թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:
Առաջին օրը բժիշկները տնայց են կատարում, հետո արդեն ամեն օր հեռախոսազանգով տեղեկանում քաղաքացիների առողջության մասին, գրանցում ջերմաչափման տվյալները:
Մինչ օրս տնային հսկողություն է իրականացվել 2597 քաղաքացու նկատմամբ: Հսկողությունից արդեն դուրս է եկել 1497-ը, դեռևս հսկողության տակ է 1100 քաղաքացի:
«Նշված ժամանակահատվածում Նորքի ինֆեկցիոն է ուղեգրվել հսկվող քաղաքացիներից 125-ը, որոնցից 65-ի մոտ թեսթը դրական է եղել, և հիվանդությունը հաստատվել է»,-ասում է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը:
Երևանի քաղաքապետարանը բուժանձնակազմերի անվտանգությունն ապահովելու նպատակով ձեռք է բերել և առողջապական հիմնարկներին տրամադրել պաշտպանիչ անհրաժեշտ պարագաներ:
«Կորոնավիրուսային վարակի կանխարգելման ծրագրով Երևանի քաղաքապետարանի կողմից համայնքապատկան բուժհաստատությունների համար գնվել է 50 հազար բժշկական դիմակ, 17 հազար բժշկական խալաթ, 45 հազար բժշկական ձեռնոց և ախտահանիչ լուծույթներ: Լուծվել է նաև բուժաշխատողների տեղափոխման խնդիրը՝ այդ նպատակով ավտոբուսներ են տրամադրվել»,-ասում է Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:
Որքան էլ բուժաշխատողները զգուժշավորություն են ցուցաբերում, այնուամենայնիվ մասնագիտական պարտքը կատարելու ժամանակ 10 բուժաշխատող ևս վարակվել է կորոնավիրուսով, 41-ն էլ մեկուսացված է: Վարակվելու վտանգը, սակայն, համայնքային ենթակայության բուժհաստատությունների մյուս աշխատակիցներին չի կանգնեցնում իրենց առաքելության ճանապարհին:
32 բուժաշխատող, արձագանքելով առողջապահության նախարարության կոչին, միացել է համաճարակը հաղթահարելու գործին լծված հիվանդանոցների անձնակազմերին:
Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ այս օրերին վարակի դեմ պայքարող ավելի քան 1800 համայնքային բուժաշխատող կպարգևատրվի. այդ նպատակով քաղաքապետարանի, վարչական շրջանների բոլոր աշխատակիցներն ավելի քան 130 միլիոն դրամ են հատկացրել մարտ ամսվա իրենց վարձատրությունից:
Մեզնից յուրաքանչյուրը ևս կարող է միանալ այս պայքարին իր ձևով՝ մնալով տանը և կանխելով վարակի տարածումը»: