Խորհրդարանական իշխանության և ընդդիմության որոշ ներկայացուցիչներ չափազանց անհանդուրժողական վերաբերմունք են ցուցաբերում միմյանց նկատմամբ: Այդպիսի հերթական դեպք տեղի ունեցավ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ընթացքում: Նիստի սկզբում հիմնական քննարկումը ծավալվեց օրենքի նախագծերով հանդես եկած «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի միջև: Տարոն Սիմոնյանի առաջարկած նախագծերը մեկը մյուսի հետևից բացասական արձագանք ստացան և չընդունվեցին:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում արդեն լրացում կատարելու օրենքի նախագիծի քննարկումը սկսելիս՝ կրկին հիմնական զեկուցող Տարոն Սիմոնյանը, դեռ զեկույցը չսկսած, քմծիծաղով առաջարկեց. «Ուզում եք չզեկուցեմ, միանգամից դեմ քվեարկեք»:

Այդ պահին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, կարծես թե, հեռախոսազանգի պատրվակով լքեց նիստի սենյակն ու չվերադարձավ, նույնիսկ նախագծի քվեարկության ժամանակ:

Նախագիծն, ամեն դեպքում, զեկուցվեց, սակայն դրանից քվեարկության արդյունքը չփոխվեց: Նախագիծը չընդունվեց 3 դեմ, 3 ձեռնպահ, 2 կողմ քվեարկությամբ: Նշենք, որ կողմ քվեարկեցին նախագծի զեկուցող Տարոն Սիմոնյանն ու «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Նախագծի վերաբերյալ մյուս պատգամավորները հնչեցրին հիմնականում բացասական կարծիքներ: