«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 14-ին ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը համացանցում հայտարարություն տեղադրեց, որ «իրականացնում ենք սոցիալական աջակցություն' մոտ 1100 անապահով ընտանիքներին մատակարարելով առաջնային նշանակության սննդամթերք' ուկրաինաբնակ ( իջեւանցի ) գործարար Անդրանիկ Ղազարյանի ֆինանսավորմամբ»: Պարզվում է' դպրոցի այդ սննդամթերքը գրավել է ՀՀ ՊՆ աշխատակիցների ուշադրությունը, որոնք գիշերով որոշել են թալանել աղքատների համար նախատեսված պարկերը: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, ապրիլի 14-ի գիշերը Իջեւան քաղաքի 4-րդ դպրոցի պահակ Կարեն Մկրտումյանը ահազանգել է ոստիկաններին' հայտնելով, որ դպրոցում օգնության պաշարներ կան եւ ինչ որ մարդիկ հարձակվել են իր վրա եւ հանել ապրանքի մի մասը շենքից: Ավելի ուշ պարզվել է, որ ՊՆ ծառայող Գեղամ Սարուխանյանը եւ Գարիկ Պետրոսյանը եւ եւս մեկ ՊՆ ծառայող Էրիկ Մելիքսեթյանն են եղել գողության հեղինակները, որոնք բերման են ենթարկվել: Համաձայնեք' արարքը արդարացում չունի. համաճարակի այս օրերին աղքատների համար սննդամթերք է հայթայթվում, իսկ որոշ մարդիկ որոշում են գողանալ այն' սեփական կարիքները հոգալու համար»: