Հայկական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 15-ին տեղի է ունեցել արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Կիպրոսի ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Գործընկերները մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկվող քայլերի շուրջ։ Նախարար Մնացականյանը ՀՀ կառավարության անունից իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնել կիպրացի եղբայրական ժողովրդին՝ համավարակի տարածման դեմ մղվող պայքարում:Առանձնահատուկ ընդգծելով միջազգային համագործակցության և փոխօգնության ամրապնդման դերը գլոբալ մարտահրավերների հասցեագրման գործում՝ Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարները շեշտել են Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հարթակի կարևորությունը: