Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց են ունեցել, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա նաղդալյանը։
«ԱԳ նախարար Մնացականյանն իր ռուս գործընկերոջը համապարփակ ներկայացրել է Արցախի հետ շփման գծի երկայնքով Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրության վերջին զարգացումները:
Նախարար Մնացականյանը խստորեն դատապարտել է Թուրքիայի՝ անմիջական ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ներգրավվածությունն Ադրբեջանի կողմից իրականացվող մարտական գործողություններում ինչպես Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծում, այնպես էլ՝ հայ-ադրբեջանական սահմանին:
Նախարար Մնացականյանը նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների հավաքագրման, Ադրբեջան տեղափոխման և մարտական գործողություններում ներգրավելու առնչությամբ:
Երկուստեք անընդունելի է գնահատվել արտատարածաշրջանային երկրների քայլերը՝ ուղղված տարածաշրջանային խաղաղության և անվտանգության խաթարմանը», - նշված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։