Քիչ առաջ ռուսական համարանիշներով մոտ 20 ավտոմեքենա, ՌԴ դրոշները ծածանելով, շրջում էր Հանրապետության հրապարակում: Թե ինչ ակցիա էր իրականացվում երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում՝ ԼՈՒՐԵՐ.com-ը փորձեց պարզել ոստիկանությունից: Ի պատասխան՝ այստեղից ասացին, որ ռուսական մեքենաներով շրջողները Հայաստանում Ռուսատանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիայի մասնկիցներն են եղել: Հարցին՝ արդյո՞ք նորմալ է, երբ արտակարգ դրության ժամանակ Հանրապետության հրապարակում մեծ թվով ավտոմեքենաներով ակցիա են իրականացնում և արդյո՞ք պատասխանատվության կենթարկվեն նրանք, ոստիկանության լրատվական բաժնից ուղղորդեցին հարցի պատասխանը ստանալու համար հարցում ուղարկել: Բանն այն է, որ այսօր՝ ապրիլի 16-ին Ռուսաստանի քաղաքացիները բողոքի ակցիա են անցկացրել ՌԴ դեսպանատան դիմաց՝ բողոքելով, որ չեն կարողանում գնալ Ռուսաստան, որտեղ ընտանիք, բիզնես ունեն: Այնուհետև մեքենաներով շրջել են Հանրապետության հրապարակում. «Մենք մոտ 300 հոգի ենք և 78 ավտոմեքենա: Շատերս գումար չունենք և չենք կարողանում մնալ հյուրանոցներում, գիշերում ենք ավտոմեքենաների մեջ: Վրաստանն արգելել է Ռուսաստանի քաղաքացիներին իր տարածքով Ռուսաստան վերադառնալ, բայց երեկ տեղեկացանք, որ պատրաստ են թույլ տալ անցնել «Վերին Լարսի» անցակետով: Ստացվում է՝ դեսպանատունը կեղծ տեղեկատվություն է հրապարակում: Դիմում ենք Վրաստանի և Շվեյցարիայի դեսպանատներին, որ խնդրանքով լուծեն մեր տեղափոխման հարցը: Մենք պատրաստ ենք վճարել ոստիկանության կամ ՄԱԿ-ի ծախսերը, եթե ուղեկցությունն ապահովվի: Դեսպանի հետ հանդիպելու բազմաթիվ փորձերից հետո ես համոզվեցի, որ դեսպանատունը, որտեղ մեր պահանջները անտաշություն են համարվում, կոմպետենտ չէ: Մեզ կարող է օգնել միայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա կարող է կապվել Վրաստանի կառավարության հետ և լուծել տարանցման հարցը», - ասել է բողոքի ակցիայի մասնակիցը: