Հանրային հեռուստաընկերությունը հայտարարություն է տարածել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «կադրից դուրս» տեսանյութի արտահոսքի վերաբերյալ:
«Հարգելի հեռուստադիտողներ,
ցանկանում ենք տեղեկացնել, որ համացանցում շրջանառվում են ՀՀ վարչապետի ելույթի տեխնիկական փորձից կադրեր, որոնք արվել և արվում են բոլոր ուղիղ եթերներից առաջ և նախատեսված չեն հեռարձակման համար: ՀՀ Կառավարության հորդորով՝ Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են նշված հեռուստաընկերությունները.
1. Արմենիա ԹիՎի
2. Շանթ
3. Միր
4. Հ2
5. ԱՐ
6. Կենտրոն
7. Երկիր Մեդիա
8. 5-րդ ալիք
Բոլոր վերահեռարձակող հեռուստաընկերությունները եթերին նախապատրաստվելու համար ստանում են այդ տեխնիկական տեսաազդանշանը՝ ուղիղ եթերի հեռարձակմանը նախապատրաստվելու համար: Այսինքն ՀՀ Վարչապետի եթերը վերահեռարձակող բոլոր հեռուստաընկերություններն էլ ստացել են այդ տեխնիկական տեսաազդանշանը: Հանրային հեռուստաընկերությունից որևէ տեսանյութի արտահոսք չի եղել»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ուղիղ եթերում կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետևանքների և առաջիկա անելիքների հետ կապված ուղերձ հղեց ժողովրդին։
Այսօր համացանցում հայտնվել է մի տեսանյութ, որում կան կադրեր երեկվա ուղերձի նախապատրաստական փուլից՝ մինչև ուղիղ եթեր մտնելը։ Մոնտաժված է այնպես, որ Նիկոլ Փաշինյանին փորձել են ներկայացնել ծաղրական կերպարում։