Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ: 

 
 

Իր խոսքում վարչապետը նախ անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին: «Ինչպես գիտեք, կառավարությունն այս պահի դրությամբ ընդունել է 13 հակաճգնաժամային ծրագիր: Կառավարության վաղվա նիստում մենք ունենք առնվազն ևս մեկ ծրագիր, որը կապված է ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման հետ: Պլանավորում ենք նաև որոշ փոփոխություններ իրականացնել միջոցառումների մեջ, որոնցով կկարգավորենք այս ընթացքում ստացած ահազանգերը, ազդակները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը տեղեկացրել է, որ հակաճգնաժամային 1-ին միջոցառման շրջանակում, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվում ընկերություններին՝ աշխատավարձ, հարկեր, կոմունալ ծախսեր վճարելու և որոշ դեպքերում սննդի ներկրումներ, սարքավորումկներ ձեռք բերելու համար, արդեն իսկ բավարարվել է 259 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 18 մլրդ դրամ: 

 

2-րդ ծրագրով, որը վերաբերվում է գյուղատնտեսությանը՝ բավականին լայն օրակարգով, այս պահի դրությամբ բավարարվել է 3 հազար 419 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4 մլրդ 827 մլն դրամ: «Նաև մենք որոշում կայացրեցինք 4 մլրդ դրամի չափով վերաֆինանսավորում իրականացնել, որից 2 մլրդ դրամը կծախսվի միկրովարկերի, իսկ ևս 2 մլրդը՝ 3-12 մլն դրամի գյուղատնտեսական ծրագրային և ոչ միայն ծրագրային վարկերի վրա: Ընդ որում, այսօրվա քննարկումների արդյունքում մենք որոշեցինք, որ այս խմբի վարկերի սահմանափաչափերը կավելացնենք և կդարձնենք 3-ից 30 մլն դրամ՝ մի շարք ծրագրային ուղղություններով»,- ասել է վարչապետը: 

3-րդ ծրագրով, որ վերաբերվում է տուժած փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությանը և այն ընկերություններին, որոնք ունեն բարվոք և բարվոքին մոտ հարկային ու վարկային պատմություն, բավարարվել է 371 հայտ, ֆինանսավորման ծավալը կազմում է 4,1 մլրդ դրամ: 

 

4-րդ միջոցառումը, որը սոցիալական է, վերաբերվում էր այն աշխատողներին, ովքեր որոշակի ժամանակահատվածում կորցրել են աշխատանքը և որոնց ընտանիքներում կա մինչև 14 տարեկան երեխա: Պարզվել է, որ այս ծրագրով շահառուների թիվը 1955 է, ֆինանսավորվել 195 մլն դրամ: Ծրագիրն արդեն ավարտված է: 

Խոսելով 5-րդ ծրագրի մասին, որը նույնպես տնտեսական բնույթի և դրամաշնորհային, վարչապետն ասել է. «Դրամաշնորհ ենք հատկացնում այն ընկերություններին, որոնք պահպանել են նախաճգնաժամային ժամանակաշրջանի աշխատատեղերը և աշխատավարձի ֆոնդը: Խոսքը 2-50 աշխատող ունեցող ընկերությունների մասին է և յուրաքանչյուր 5-րդ աշխատողի աշխատավարձը դրամաշնորհի կարգով վճարում է կառավարությունը: Այս պահի դրությամբ դրամաշնորհ ենք տրամադրել 9 հազար 901 տնտեսվարողի, դրամաշնորհի ծավալը կազմել է 1 մլրդ 600 մլն դրամ»,- ասել է գործադիրի ղեկավարը:

 
 

Սոցիալական բնույթի 6-րդ միջոցառումը վերաբերվում էր ճգնաժամի շրջանում՝ մարտի 13-ից 25-ը, աշխատանքը կորցրած քաղաքացիներին: Այս ծրագիրը նույնպես ավարտվել է: Այդ չափանիշին համապատասխանել է 6 հազար 723 շահառու, նրանց վճարվել է ընդհանուր 457 մլն դրամ: 

7-րդ միջոցառումն աջակցում էր այն ընտանիքներին, որտեղ կա հղի կին և ամուսինն աշխատանքը կորցրել է ճգնաժամի շրջանում: Այս միջոցառումը նույնպես ավարտված է: Ծրագրից օգտվել է 8 հազար 753 շահառու, վճարվել է ընդհանուր 875 մլն դրամ: 

8-րդ միջոցառումը, որը վերաբերվում էր տուժած ոլորտների անհատ ձեռնարկատերերին և ոլորտների աշխատողներին աջակցելուն, այս պահի դրությամբ բավարարվել է 83 հազար 406 հայտ և վճարվել է 5 մլրդ 777 մլն դրամ: 

«9-րդ միջոցառումը վերաբերվում է այն ընտանիքներին, որտեղ ընդհանրապես չկա աշխատող և որտեղ կան երեխաներ և մենք այս միջոցով փորձել ենք գտնել, այսպես ասած չգրանցված աշխատողներին: 7-րդ միջոցառումն էլ այդպիսի նպատակադրում ունի: 9-րդ միջոցառումով այս պահի դրությամբ բացահայտվել է 52 հազար 791 հայտ, վճարված գումարը 1,4 մլրդ դրամ է: Ասեմ, որ 8-րդ և 9-րդ միջոցառումների շրջանակում մենք սպասում ենք, որ կունենանք 100 հազար և ավելի շահառու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 

 

Անդրադառնալով 10-րդ միջոցառմանը՝ վարչապետը նշել է, որ այն վերաբերում է միկրոբիզնեսի սուբյեկտներին: Այս պահի դրությամբ բավարարվել է 1485 հայտ, վճարվել է 83,4 մլն դրամ: 

«11-12-րդ միջոցառումները վերաբերվում են շահառուների կոմունալ ծախսերին: 11-րդ միջոցառման պարագայում ունենք 450 հազար 827 շահառու, ընդ որում այս թիվը պետք է համարյա կիսով չափ կրճատել, որովհետև հաշվառված են և գազի, և էլեկտրաէներգիայի շահառուները: Իհարկե ոչ ամբողջությամբ, որովհետև կլինեն շահառուներ, որոնք ունեն էլեկտրաէնեգիա, իսկ գազ չունեն: Այստեղ վճարված է 786 մլն դրամ: Այս ծրագրի շրջանակում գումարը փոխանցվում է շահառուների բաժանորդային հաշվիներին: 12-րդ ծրագիրը նույնպես վերաբերվում էր կոմունալ վարձերին: Այստեղ նույնպես թիվը պետք է մոտավորապես 40 տոկոսով կրճատել, շահառուները 486 հազար 434-ն են, վճարվել է 1,8 մլրդ դրամ»,- ասել է կառավարության ղեկավարը: