Արարատի քաղաքապետ Աբրահամ Բաբայանը ծնվել եւ մեծացել է Արարատում, որտեղ գտնվում են նաեւ իր ծնողների շիրիմները եւ ոչ ոք չի կարող իրեն այդ քաղաքից վտարել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Աբրահամ Բաբայանն՝ արձագանքելով ՀՀԿ Արարատի կանանց մարզային խորհրդի ղեկավար, Արարատի հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնի տնօրեն Սոնա Պողոսյանի այն հայտարարությանը, թե «կտկլորացնի» նրան ու «կվռնդի քաղաքից»: Վերջինս քաղաքապետին մեղադրել էր, որ նա քաղաքի մանկապարտեզը, պատկերասրահը եւ այլ հանրային օբյեկտներ սեփականաշնորհել է իր ամուսնու անունով, սակայն վաճառքից ստացված գումարից իրենց բաժին չի հանել: Արձագանքելով Սոնա Պետրոսյանի կշտամբանքներին, քաղաքապետն ասել է, որ դա արել է նախկին ոստիկանապետ, ներկայում ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանի գիտությամբ, ավելացնելով, թե Ալիկ Սարգսյանը «գնաց էլ՝ դրանից չպրծան»: Քաղաքապետը նաեւ նշել է, որ դա վերջին ընտրություններում ազդել է ՀՀԿ-ի ձայների վրա:
Ինչ վերաբերում է վերջին մեղադրանքին, Աբրահամ Բաբայանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում՝ հավելելով, որ Ալիկ Սարգսյանի հետ նորմալ աշխատանքային հարաբերությունների մեջ է, իսկ մանկապարտեզը 1997թ-ից հետո չի գործել եւ օտարվել է համայնքային բյուջե:
Անդրադառնալով պատկերասրահին, քաղաքապետն ասաց, որ այն ավերակ է, որի վերաբերյալ հետաքննություն եւ ուսումնասիրություն է կատարվել:
Նախկին ոստիկանապետ, նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ վերը նշված մեղադրանքները բառիս բուն իմաստով թյուրիմացություն ու անհեթեթություն են: «Դա ընդամենը զառանցանք է: Իհարկե, ծանոթ եմ, ճանաչում եմ այդ կնոջը, ՀՀԿ անդամ է, բժշկուհի: Ենթադրում եմ, որ այդ կնոջ եւ քաղաքապետի հարաբերությունները խախտվել են: Բայց ես ի՞նչ կապ ունեմ դրա հետ չեմ հասկանում»,- ասաց Ալիկ Սարգսյանը:
Նախկին ոստիկանապետն արձագանքեց նաեւ այն արտահայտությունը, թե ինքը գնացել է, բայց իրենից չեն պրծել, նշելով. «Դա բացառված է, քաղաքապետը նման բան չէր կարող ասել եւ նման արտահայտություն չէր անի: Ո՞նց կարա քաղաքապետն ասի, որ իմ հետ է գործ բռնել, որ հիմա էլ գնացել չի պրծել, որովհետեւ ես դրա հետ կապ չունեմ: Դա իմ լսած վերջին ապուշությունն է : Այս մեկին հաստատ հումորով եմ վերաբերում, որովհետեւ եւ Սոնան, եւ քաղաքապետը գիտեն, որ դա ինձ ընդհանրապես չառնչվող թեմա է»: