Սևանի ափամերձ գոտում գտնվող «Լավանդա սիթի» թաղամասի քոթեջներն ապամոնտաժվելու են: Բնակիչներն արդեն իսկ ստացել են ծանուցագրերը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Ռուբեն Բիլբուլյանը«Այդ տարածքները սկսել են վաճառել 2007-2008 թթ: Մենք գնել ենք և որպես բարեխիղճ քաղաքացիներ՝ ձևակերպում ենք կատարել պետական ռեգիստրում, այսինքն՝ ունենք սեփականության վկայագրեր»:

 

Մեր զրուցակիցը նշեց, որ թաղամասի բնակիչները մոտ 280 են. «Կա որոշում տարածքները քանդելու, որը փուլ առ փուլ է ընթանալու: Սա պայմանավորված է Սևանի մակարդակի բարձրացմամբ և ենթադվում է, որ ամբողջը կապամոնտաժվի»:

Բիլբուլյանի խոսքով՝ իրենց առաջարկում են ապամոնտաժել քոթեջներն իրենց միջոցներով, հակառակ դեպքում դա կանեն համապատասխան կառույցները. «Մեզ փոխհատուցում չի տրամադրվում, ավելին՝ ծանուցագրում ասված է, որ պետք է մեր ուժերով ապամոնտաժենք տարածքը: Սա այն դեպքում, երբ ունենք սեփականության վկայական և հարկեր ենք վճարել»:

Նա հայտնեց, որ բնակիչները տարակուսած են, չգիտեն՝ ինչ անել, թեպետ դիմել են նաև այն ՍՊԸ-ին, որից գնել են տարածքը: Բնակիչները ծանուցագրերը ստացել են մի քանի օր առաջ և պարտավոր են ապամոնտաժել քոթեջները մինչև հուլիսի 31-ը: 

 

«Մենք նախատեսել ենք դիմումներ գրել վարչապետին, նրա աշխատակազմի ղեկավարին, Սևան ազգային պարկին, Շրջակա միջավայրի նախարարությանը, ստորագրահավաք ենք իրականացնում և հույս ունենք, որ խնդիրը կկարգավորվի»,- ընդգծեց նա:

Մեր զրուցակցի խոսքով՝ իրենք հասկանում են, որ կա պետական ծրագիր, Սևանի մակարդակն էլ բարձրանում է, բայց իրենց պահանջն այն է, որ փոխհատուցեն, այլ տարածք տրամադրեն. «Մեր ցանկությունն այն է, որ քոթեջները տեղափոխեն այն հատվածը, որտեղ չի խանգարի որևէ մեկին, առավել ևս՝ պետության ծրագրերին: Մենք վճարել ենք այդ տարածքների համար, շատերը վարկով են ձեռք բերել և շատ ցավալի է, որ նման խնդրի ենք բախվել: Մարդիկ պատրաստ չեն այս տարբերակով իրենց ունեցվածքից հրաժարվել»: