Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի՝ շվեյցարական RTS-ին տված հարցազրույցին։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ պատասխան է տրվում Շարլ Ազնավուրի այն խոսքին, թե թուրք վարչապետը ասել է, որ ատում է հայերին եւ հույներին։ Հայտարարության մեջ ասվել է. «Հայտնի չէ, թե Շարլ Ազնավուրը որտեղից է նման բանի մասին տեղեկացել։ Մենք խստորեն մերժում ենք անհիմն եւ անիմաստ այդ արտահայտությունը։ Թուրք ժողովուրդը հայ եւ հույն ժողովուրդների հետ երկար տարիներ միասին է ապրել։

Մյուս կողմից դրական ենք ընդունում աշխարհահռչակ արվեստագետ եւ մտավորական Շարլ Ազնավուրի՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդրում նրա առաջարկությունները»,-նշվել է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։