Շախմատի միջազգային ֆեդերացիայի կազմակերպած Ազգերի գավաթի առցանց խաղարկության (արագ շախմատ) 8-րդ տուրում Եվրոպայի հավաքականը մրցեց Հնդկաստանի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2, գրում է sport.news.am-ը։
Երկրորդ համարների պայքարում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց Գուջրատի Վիդիտի հետ եւ պարտություն կրեց 66-րդ քայլում։ Առաջին շրջանում Արոնյանը սպիտակներով հաղթել էր Վիդիտին։ Եվրոպայի հավաքականին պարտությունից փրկեց լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, որը սպիտակներով հաղթեց Պենտալա Հարիկրիշնային։
Հիշեցնենք, որ նախորդ տուրերում Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել չինացի Յի Վեյի եւ ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյեւի հետ, հաղթել էր հնդիկ Գուջրատի Վիդիտին, ԱՄՆ-ի թիմը ներկայացնող կուբացի Լենիեր Դոմինգեսին եւ մնացյալ աշխարհի հավաքականի անդամ, իրանցի Ալիռեզա Ֆիրուջային։ Առաջին տուրում հայ գրոսմայստերը պարտվել էր Արտեմիեւին, երկրորդ տուրում ոչ ոքի էր խաղացել Յի Վեյի հետ։
Չինաստանի հավաքականը 8-րդ տուրում 2,5։1,5 հաշվով պարտության մատնեց ռուսներին եւ 15 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում է 11 միավոր վաստակած ԱՄՆ-ի թիմը, որը 8-րդ տուրում 3։1 հաշվով հաղթեց մնացյալ աշխարհի հավաքականին։ Եվրոպայի հավաքականը 10 միավորով երրորդ տեղում է։
Մայիսի 9-ին տեղի կունենան նախնական փուլի վերջին երկու տուրերը։ Մայիսի 10-ին երկու ուժեղագույն թիմերը կմրցեն սուպերեզրափակիչում։
Մրցանակային հիմնադրամը 180 հազար դոլար է։