Լոռու մարզի Ծաթեր գյուղում մայիսի երկուսին հովվաշունը մահացու վնասվածքներ էր հասցրել 78-ամյա կնոջը: Դեպքի մասին մահացածի հարազատները տեղեկացրել էին ոստիկանության Թումանյանի բաժին, որտեղից ժամանած օպերատիվ խումբը պարզել էր որ նույն օրը, նշված գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում կինը քայլելիս է եղել, երբ նրանց պատկանող հովվաշունը շղթան կտրել ու հարձակվել է վերջինիս վրա: Կինը, կորցնելով հավասարակշռությունը, ընկել է գետնին, իսկ շունը բռնել է նրա դեմքի և պարանոցի հատվածը ու մի քանի անգամ թափահարել: Կնոջը շան ճիրաններից ազատել էր փեսան, որից հետո կնոջը տեղափոխել էին տուն, որտեղ էլ վերջինս մահացել էր:
Նշենք, որ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ տարիներ առաջ անհիմն հոգեբուժարան ուղարկելու վրեժի, ինչպես նաև իրեն և երեխաներին անիծելու պատճառներով է Գ. Գևորգյանը սկզբում ծեծել, այնուհետև հոշոտելու համար իրենց տան հովվաշան կապն արձակել, տարել տուն և բաց թողել կնոջ մոր՝ 78-ամյա Գյուլասար Մախսուդյանի վրա, ինչից հետո շունը հոշոտել է տարեց կնոջն, ով ստացված վնասվածքներից մահացել է: