Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Ամիրխանյանն իր էջում հրապարակել է եղբոր լուսանկարը՝ կից գրելով, որ նրան ծեծել են «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի աշխատակիցները: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արեգա Հակոբյանն ասաց, որ որևէ տեղեկատվություն տրամադրել չի կարող, քանի որ դա բժշկական գաղտնիք է:
«Ես որևէ բան չեմ կարող ասել, նույնիսկ այն, թե մեզ մոտ է բուժվում այդ մարդը, թե ոչ: Միայն կարող եմ ասել, որ կա հստակ ընթացակարգ. եթե բուժման ընթացքում հիվանդի մոտ վնասվածք է առաջանում կամ ընդունվում է վնասվածքով, ապա մենք դիմում ենք ոստիկանություն: Նրանք էլ պարզում են հանգամանքները: Իսկ մասնավոր դեպքերի մենք չեն անդրադառնում»,-ասաց տնօրենը:
Ճշտող հարցին, թե այս դեպքի հետ կապված իրենք դիմել են ոստիկանություն՝ Հակոբյանը նշեց, որ չի կարող հստակ ինֆորմացիա տալ:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության բաժնից մեզ հայտնեցին. «Արթուր Ամիրխանյանը մայիսի 10-ին ահազանգել է ոստիկանություն, որ իր եղբորը «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի բուժաշխատողները ծեծի են ենթարկել: Վերջինիցս ընդունվել է հաղորդում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում»: