Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Պատանեկության ստեղծագործական կենտրոնում» հայտնաբերված խախտումներով մի շարք դատական գործեր են ընթանում։ Բանն այն է, որ կենտրոնի աշխատակիցներն իրենց առնչվող տարբեր հարցերով դիմել եմ իրավապահ մարմիններին, սակայն, ինչպես իրենք են պնդում, «սայլը տեղից չի շարժվում», քանի որ կենտրոնի տնօրեն Նարե Արամյանը տարբեր օղակում մերձավորներ ունի։
Նշենք, որ «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» տնօրենն իրավապաշտպան Նարե Արամյանն է, որը հայտնի է հեռուստատեսային տարբեր հաղորդումներից, ինչպես նաև հանդես է գալիս կենդանիների պաշտպանությամբ: Արամյանի տնօրինած կենտրոնը զբաղվում է երեխաների արտադպրոցական կրթությամբ: Կենտրոնում գործում են մշակութային տարբեր խմբակներ, որոնք զբաղվում են տարբեր ուղղություններով երեխաների զարգացմամբ:
ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» խմբավարներ Սոֆի Հանյանը, Վահե Կաթրջյանն ու Հասմիկ Խաչատրյանը դժգոհեցին Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործերի ընթացքից․ «Թիվ 11102420 քրեական գործը, որը վերաբերում է փաստաթղթերի կեղծմամբ, խաբեությամբ աշխատավարձերի մեծ մասի, արձակուրդայինների, հավելավճարների յուրացմանը, 2018թվականից ի վեր մի քննիչից մյուսին փոխանցվելով՝ նորմալ ընթացք չի ստանում։ Անհայտ է նաև թիվ 11853418 քրեական գործի ճակատագիրը, որտեղ 10 աշխատակցի կողմից տրված ցուցմունքները անտեսվեցին։ Արդյունքում՝ տնօրենի կողմից ապօրինի բուժքույր գրանցելու միայն այդ մեկ փաստով գործը, որտեղ մենք 10 աշխատակիցներով վկայի կարգավիճակում էինք, ուղարկվեց դատարան։ Սակայն նիստերն այդպես էլ չկայացան։ Դժգոհ ենք 11102420 քրեական գործի ընթացքից, քանի որ չի կատարվում բազմակողմանի և օբյեկտիվ քննություն։ Կան համապատասխան փաստաթղթեր, որոնք վկայում են ՊՍԿ-ի տնօրեն Նարե Արամյանի կոպիտ խախտումների և յուրացումների մասին։ Մեր կողմից փաստացի հաստատվել է պայմանագրի կեղծ լինելը, բայց նշանակվել է դատափորձաքննություն, որի արդյունքների հետ ամենևին համաձայն չենք։ Խոստացան մեզ դարձնել փորձաքննության մասնակից, սակայն առանց մեզ կայացրին իրենց հաճո որոշում։ Քննչական կոմիտեին տեղեկացրել ենք այդ մասին՝ մեզ հետ տանելով նշված ապացույցները, բայց հարցը այդպես էլ լուծում չստացավ»,- ասացին խմբավարները՝ ընդգծելով, որ արդեն 10 տարի է, ինչ նորմալ աշխատավարձեր, արձակուրդայիններ, հավելավճարներ չեն ստանում։
Սոֆի Հանյանի խոսքով՝ թեև քաղաքապետարանի 2019 թվականի հունիսի 26-ին, համապատասխան փաստաթղթով, համար 11853418 քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի որոշմամբ, կասեցվել է Նարե Արամյանի պաշտոնավարութունը, սակայն նա մինչ օրս շարունակում է տնօրինել հաստատությունը։
Վահրամ Կաթրջյանն էլ նշեց, որ իրենց պահանջը մեկն է, որպեսզի Նարե Արամյանը հեռանա և այլևս չպաշտոնավարի՝ որպես «Պատանեկության ստեղծագործական կենտրոնի» տնօրեն․ «Ենթադրում ենք, որ յուրացվել է մեզ հատկացված գումարների զգալի մասը»,- ասաց խմբավարը։
Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Նարե Արամյանից, սակայն նա նշեց, որ իր դեմ հարուցված քրեական գործերը տարբեր են, միմյանց հետ փոխկապակցված չեն․ «Քանի դեռ դատական գործընթացները շարունակվում են, մեկնաբանություն տալ կարող եմ միայն դրանց ավարտից հետո։ Դեռ ոչինչ տեղի չի ունենում, որպեսզի հասկանանք՝ ինչ իրավիճակ է, և որ հարցին ինչպիսի լուծում պետք է տրվի»,- նշեց նա։
Ինչ վերաբերում է կենտրոնի աշխատակիցների բողոքներին, թե աշխատավարձերը ամբողջությամբ չեն վճարվում, Նարե Արամյանը պարզաբանեց․ «Հաստիքացուցակները հաստատվում են հիմնադրի կողմից, վերահսկվում են ՊԵԿ-ի կողմից, և դրա մեջ տնօրենի ինքնիրավչություն ուղղակի լինել չի կարող։ Այդ ամենը վերահսկելի է։ Այնպես չի կարող լինել, որ 60 հոգու նորմալ աշխատավարձ տրվի, իսկ, օրինակ, մեկ, երկուսին կամ տասին՝ ոչ»,- ասաց Արամյանը։
Նարե Արամյանը նորմալ է համարում, որ աշխատակիցներից ոմանք կարող են ստանալ 15 000 դրամ աշխատավարձ՝ նշելով, որ նրանց աշխատավարձը չի կարող որևէ կերպ ֆիքսված լինել, քանի որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի օրենքով ժամային, հաստիքային վճարումները հստակեցված են, թե որքան են վճարվում և ինչ համակարգով։ «Մեր բոլոր փաստաթղթերն անցել են հաշվապահական փորձաքննություն և որևէ խախտում չի հայտնաբերվել»,֊հավելեց Նարե Արամյանը։