Ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչները բաց նամակ են ուղղել ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին: Նամակում մասնավորապես ասվում է.

«Շատերի համար կարող է զարմանալի թվալ, բայց մենք երկու ամսվա լռությունից հետո նոր որոշեցինք բարձրացնել մեր ձայնը՝ որպես ռեստորանային և հյուրանոցային բիզնեսների զոհ: Այսպիսով, հանրապետությունում մեղմացվեցին համարյա բոլոր բնագավառներում կիրառված սահմանափակումները' բացի մեզանից:

ԱԺ ամբիոնից հստակ հնչեց ընտանեկան և հասարակական միջոցառումներ անելու արգելք, ու սկսվեց խուճապը։ Ասացեք ինձ, ո՞րն է ավելի վտանգավոր վարակի տարածման համար'գործարանների՞, թե՞ ռեստորանների աշխատանքը: Ավելի պարզ բացատրեմ. մարդիկ, իրենց օրվա հացը վաստակելու համար, հիվանդ կամ վատառողջ կգնան աշխատանքի, բայց երբեք ծնունդի կամ հարսանիքի չեն մասնակցի:

Ի սեր Աստծո, մենք դեմ չենք, թող բոլորն էլ աշխատեն: Մեր բնագավառն անմիջապես կապված է գյուղատնտեսության, ջերմոցային տնտեսությունների, հարսանյաց և գեղեցկության սրահների, ներմուծողների և մի շարք բնագավառների հետ: Մեր երկրում տասնյակ հազարավոր մարդիկ չեն աշխատում։ Մենք չենք կարող նստել տանը և նայել, թե ինչպես են բոլորն աշխատում, իսկ մենք անհասկանալի պատճառով'ոչ:

Թույլ տվեք մեզ աշխատելու, թեկուզ՝ նախապայմաններով, պատրաստ կատարելու անվտանգության բոլոր հրահանգները: Շուրջ երկու ամիս է մենք փաստի առաջ ենք կանգնել, քանի որ փակ են սահմանները, իսկ ամռան ամիսների հաճախորդների հիմնական մասը արտերկրից ժամանած մեր հայրենակիցներն են:

Մեր բնագավառի հետ ուղղակիորեն կապված են հազարավոր դերասան-հանդիսավարներ, նկարահանող խմբեր, երգիչ-երաժիշտներ, հրուշակագործներ, գեղեցկության սրահներ, ավտո վարձույթով զբաղվողներ, դիզայներներ, շոումեններ, մատուցողներ, խոհարարներ և վերջապես առաքիչներ ու տաքսու վարորդներ: Բացի վերոնշյալ շահառուներից, էլ ավելի մեծ փաստի առաջ են կանգնել սեփականատերերը' կատարելով շատ մեծ ներդրումներ:

Ռեստորանները և նմանատիպ ժամանցի փակ վայրերը գործարան, մոլ կամ սուպերմարկետ չեն, որ մարդիկ րոպե հետո օգտվեն կամ գնան աշխատանքի. հաճախորդները պիտի պատրաստվեն իրենց տարիներով սպասված միջոցառմանը' երեխայի հարսանիքին, նշանադրությանը, տարեդարձին, մկրտությանը...

ՀՀ Պարետի որոշմամբ փակ տարածքներում 5 հոգուց ավել արգելքի սահմանափակումը ոչ մի կերպ կապ չունի մեր գործունեության հետ, այն ավելի շատ փաբերին ու ակումբներին է վերաբերվում։ Ելնելով վերոգրյալից, տասնյակ հազարարավոր մարդիկ մատնվել են անգործության և անուշադրության։ Կամ լրիվ փակեք, բոլորս նստենք տանն ու ամբողջական վիրուսը վերանա, կամ էլ տարբերակ մտածեք վիրուսի հետ մենք էլ աշխատենք ու ապրենք:

Օրական ստանում ենք հազարավոր զանգեր: Մարդիկ ցանկանում են իմանալ, թե երբվանից ենք աշխատելու, քանի որ մեկ ամսից լինելու է իրենց միջոցառումը, որը գրանցվել է 5-6 ամիս առաջ ու տրվել է կանխավճար, իսկ մենք, լինելով գործատուի կարգավիճակում, չենք կարողանում մեր հաճախորդներին տալ հստակ պատասխան, ինչպես նաև վերադարձնել կանխավճարները: Ուստի, խնդրում ենք մեզ հուզող հարցերին տալ հստակ և սպառիչ պատասխաններ:

Կանխավ շնորհակալություն»։