Թուրքիայի նախկին վարչապետ, Էրդողանի նախկին կուսակից ընկեր Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի իշխանություններին եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ահմեդ Դավութօղլուն իր հիմնադրած «Ապագա» կուսակցության առաջին համաժողովում ելույթի ժամանակ առանց անունը շեշտելու, սակայն ակնհայտ նկատի ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, սկանդալային խոսքեր է ասել նրա հասցեին։
«Այսօր Եվրոպայի եւ աշխարհի համար ամենամեծ վտանգը ոչ թե կորոնավիրուսն է, այլ անգրագետ ու պոպուլիստ ղեկավարների տարածած ավտորիտար մշակույթի վիրուսը։
Եթե կորոնավիրուսը մարդու մարմնին է վնաս տալիս, ապա երկրորդը՝ ոչնչացնում է մարդու հոգին ու ուղեղը։
Պատմության այլ վիրուսների պես, կորոնավիրուսը եւս կանցնի, սակայն մյուս վիրուսը մարդու բանականություն ու հոգին է զավթում եւ մնայուն է՝ ոչնչացնելով մարդու ինքնությունը»,– ասել է Դավութօղլուն։