Մայիսի 18-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը նախագահում էր ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը: Հենց նրա գլխավորությամբ էլ խախտվում էր պարետի կողմից տրված այն ցուցումը, որի համաձայն փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է: Սամսոնյանից բացի, ինչպես պարզ երևում է լուսանկարում, պաշտպանիչ միջոցներ չեն կրում նաև իմքայլական պատգամավորներն ու նրանց օգնականները: Նրանցից որոշների մոտ, այնուամենայնիվ, դիմակներ կային, որոնք պարբերաբար դնում ու հանում են նիստի ընթացքում:
Նշենք, որ նիստի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկվեց ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի հեղինակած «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Նախաձեռնությունը ստացավ դրական եզրակացություն՝ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկների հիման վրա լրամշակվելու պայմանով:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց և դրական եզրակացություն ստացավ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը:
Ինչպես նաև քննարկվել և մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգվեց հանձնաժողովի՝ Ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ստեղծված աշխատանքային խմբի գործունեության ժամկետը: