Վերջին օրերին տեղեկատվություն է ստացվում, որ 2020 թվականի մայիսի 14-ից տնտեսական սահմանափակումների մեղմացման շրջանակներում մի շարք մարզական և այլ խմբակներ վերսկսել են իրենց գործունեությունը:
Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ պարետի 2020 թվականի մայիսի 3-ի թիվ 63 որոշման համաձայն՝ շարունակում է ժամանակավորապես սահմանափակված լինել «85.5 Այլ կրթություն» հատվածը:
Պարզաբանման համար նշենք, որ «85.5 Այլ կրթություն»-ը ներառում է կրթական գործունեությունը հետևյալ բնագավառներում՝
Սպորտ
– մարզադպրոցներում, սպորտային խմբակներում, շուրջօրյա մարզաճամբարներում տեսության դասավանդում և գործնական հմտությունների ուսուցում բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտբոլի, թեթև ատլետիկայի, լողի և այլ մարզաձևերում
– հրահանգիչների, ուսուցիչների գործունեություն տարբեր մարզաձևերում
Ռազմամարզական, մարտարվեստի և այլ արտադպրոցական ուսուցում– ռազմական, մարտարվեստի, յոգայի խմբակների, կենտրոնների և համանման այլ կազմակերպությունների գործունեություն, նպատակաուղղված կիրառական գիտելիքների ձեռքբերմանը
Մշակույթ
– արտադպրոցական դաստիարակություն և կրթական գործունեություն, որն ուղղված է տեսության դասավանդմանը և գործնական հմտությունների ուսուցմանը երաժշտությունում, գեղանկարչությունում, թատրոնի և արվեստի այլ ձևերում: Այստեղ ուսուցումը դիտվում է որպես հոբբի, հանգիստ և ինքնազարգացում: Այս ենթադասում ընդգրկվող կազմակերպություններն ուսուցման ավարտից հետո չեն տրամադրում մասնագիտական կրթության մասին դիպլոմ կամ աստիճան:
Մասնավորապես ներառում է'
– երաժշտական գործունեություն
– մանկապատանեկան uտեղծագործական և գեղագիտական կենտրոնների գործունեություն
– պարի դպրոցների (խմբակների) գործունեություն
– թատերական դպրոցների (խմբակների) գործունեություն
– լուսանկարչական դպրոցների (խմբակների) գործունեություն
Վարորդական դպրոցներ
– Ավտոսիրողների վարորդական դպրոցների գործունեություն
– օդային և ջրային տրանսպորտի, այդ թվում' առագաստանավերը, վարման ուսուցում (առանց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու համար արտոնագրերի և սերտիֆիկատների տրամադրման)
Այլ կրթություն
– Հաշվապահական դասընթացներ
– Օտար լեզուների դասընթացներ
– Համակարգչային դասընթացներ
– Բարձրագույն և այլ ուսումնական հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
– Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ
Ներառում է մասնագիտական որակավորման բարձրացման, ուսուցման և նեղ մասնագիտական հմտությունների ձեռք բերման դասընթացներ, այլ կրթություն՝ չներառված ուրիշ խմբավորումներում, մասնավորապես՝
– կրոնական ուսուցումը
– ջրային փրկարարների ուսուցումը
– գոյատևման վարժանքների ուսուցումը
– հռետորական արվեստի ուսուցումը
– արագ ընթերցման ուսուցումը
«Հորդորում ենք զերծ մնալ արտակարգ դրության պայմաններում սահմանված կարգավորումները շրջանցելու և/կամ յուրովի մեկնաբանելու պրակտիկայից՝ հանուն մեր քաղաքացիների առողջության և անվտանգության պահպանման»,- ասված է պարետատան տարածած հաղորդագրության մեջ: