Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից 135-ի վիճակը գնահատվում է ծանր, 63-ինը՝ ծայրահեղ ծանր, իսկ 15 պացիենտ միացված է թոքերի արհեստական սարքերի։

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Դեպքերի թվերի աճին զուգընթաց՝ աճում է նաև ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող, ինչպես նաև ԹՕ սարքերին միացված քաղաքացիների թիվը։ Սա այն հանգամանքն է, որից մենք միշտ փորձել ենք խուսափել կամ հեռվացնել այդ օրը, քանի որ արձանագրված դրական թվերն այնքան վտանգավոր չեն, եթե մենք չունենայինք ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այնպես չստացվի, որ այդ վիճակներում գտնվող պացիետները վերակենդանացման բաժանմունքներում զրկված լինեն բուժման հնարավորությունից»,- նշեց Թորոսյանը։

Նրա խոսքով՝ իրենք դեռևս կարողանում են դիմանալ այդ ճնշմանը, բայց պետք է հավելյալ ջանքեր գործադրել, որպեսզի այդ ճնշումը չավելանա։