Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքները մակագրվել են Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին: Նշենք, որ Արմեն Դանիելյանն այն դատավորն է, ով բեկանել է առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումները՝ Ռոբերտ Քոչարյանին 2019 թվականի մայիսի 18-ին ազատ արձակելու մասին, ինչպես նաև կայացրել «Մարտի 1»-ի գործին առնչվող մի քանի աղմկահարույց որոշումներ: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանի հետ:
«Կարծում եմ ԲԴԽ նախագահը այս հարցին դեռ ամիսներ առաջ հստակ պատասխան էր տվել, երբ ասում էր, որ իշխանությունները ցանկանում են, որ բոլոր դատավորները լինեն Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի նման: Եվ հետաքրքիր զուգադիպությամբ, հերթական անգամ, անձնական երաշխավորության վերաբերյալ հայցը մակագրվում է Արմեն Դանիելյանին, իսկ խափանման միջոցի վերաբերյալ մեր միջնորդությունները, նույնիսկ 2 ամիս արձակուրդում գտնվող Աննա Դանիբեկյանի պարագայում, չի մակագրվում այլ դատավորի, թեև դա օրենքի պահանջն է, սպասում են, որ Աննա Դանիբեկյանը վերադառնա և մերժի, որովհետև այլ գործողություն Դանիբեկյանը չի կատարում»,-ասաց նա:
Փաստաբանը նշեց, որ դժվար է հավատալ զուգադիպությանը կամ պատահականությանը, երբ 17 դատավորից, հերթական անգամ, գործը մակագրվում է Արմեն Դանիելյանին:
«Նախորդ տարի էր, երբ Արցախի 2 նախագահների երաշխավորության միջնորդությունը Դանիելյանի համար բավարար չէր, և հիմա ունենք 4 վարչապետերի երաշխավորություն, և նորից գործը մակագրվել է Դանիելյանին»,-ընդգծեց Վարդևանյանը՝ հավելելով, որ փաստաբանական խմբի կողմից համարժեք գործողություններ կկատարվեն: