ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական գրասենյակից հայտնում են, որ երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ տեղի կունենա Վերաքննիչ քրեական դատարանի նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
«Սույն գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որին, սակայն, դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։ Պապոյանն ինքնաբացարկ է հայտնել՝ մի շարք դատավորների պես հրաժարվելով քննել Ռոբերտ Քոչարյանի գործը։ Դեկտեմբերի 10-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել»,- տեղեկացնում են գրասենյակից: