ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը պարզաբանել է, թե ինչու են իրենք դիմել Սահմանադրական դատարան:
Լրագրողների հետ զրույցում պաշտպանը նշեց, որ իրենց համոզմամբ` Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ Գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը:
«Տվյալ դեպքում մենք նկատի ունենք, որ Վճռաբեկ դատարանը չպետք է վարույթ ընդուներ Գլխավոր դատախազի վճռաբեկ բողոքը: Վճռաբեկ դատարանը կիրառել էր քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասը: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար երկու հիմք կա` երկուսն էլ այս դեպքում կիրառելի չէին»,- ասաց Ալումյանը:
Սահմանադրական վեճի հիմնական առարկան հանդիսանում են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414․2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված օրենսդրական կարգավորումները, որոնք վերաբերում են Վճռաբեկ դատարանի օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության ապահովման լիազորությանը, ինչը հիմք է հանդիսանում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու համար: Նշված դրույթը ինքնին չի հստակեցնում, որ Վճռաբեկ դատարանի այդ լիազորությունը որևէ կերպ չի վերաբերում և չի կարող վերաբերել ՀՀ Սահմանադրության նորմերի միատեսակ կիրառության ապահովմանը, քանի որ նշված առարկան կարգավորվում է Սահմանադրական դատարանի կողմից: Միաժամանակ իրավակիրառ պրակտիկան նշված նորմի ձևակերպման արդյունքում զարգացել է այնպես, որ Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք դիտարկում է սահմանադրական նորմերի միատեսակ կիրառության ապահովումը և հենց իր որոշմամբ էլ լուծում է նման վեճերը:
Միաժամանակ, փաստաբանական խումբն այս պահին քննարկում է նաև մի շարք այլ հարցերի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելու հարցը, ինչի մասին տեղեկատվություն կտրամադրենք առաջիկայում։