Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու միջնորդության քննարկման գործը մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբեն Մխիթարյանին։Այս մասին հայտնել է Քոչարյանի պաշպանական խմբի մամուլի խոսնակ Էլեն Առաքելյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը որոշեց մասնակի բավարարել գլխավոր դատախազի բողոքը եւ բեկանեց Վերաքննիչ դատարանի որոշումը, գործը ուղարկեց նոր քննության։ Երկրորդ նախագահի փաստաբանների բողոքը մերժվեց ամբողջությամբ։
Նշենք, որ ՎԴ բողոք էին ներկայացրել ինչպես Քոչարյանի պաշտպանները, այնպես էլ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ: Քոչարյանի պաշտպանների բողոքի նպատակն է՝ Վերաքննիչ դատարանում իրենց ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը Վճռաբեկ դատարանում քննարկման առարկա դարձնելը, իսկ դատախազը վիճարկում է կալանքը որպես խափանման միջոց վերացնելու դատարանի որոշումը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու մեջ, այն է՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը տապալելու մեջ: