Այսօր առավոտյան Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց կադրային նոր նշանակումները: Նախագահական ընտրություններում Հարությունյանի հիմնական մրցակիցը՝ Մասիս Մայիլյանը, նշանակվել է ԱԳ նախարար: Այս որոշման մասին Արցախի նախագահը, մասնավորապես, նշեց, որ դա քաղաքական առևտուր չէ: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Արցախի նախագահի նախկին թեկնածու Բելլա Լալայանի հետ:

 

«Ինձ համար նշանակումն ու Մայիլյանի համաձայնելը անակնկալ չէր: Դեռ 2007 թվականին Մայիլյանը նախագահի թեկնածու էր առաջադրվել և դարձյալ բավականին կոշտ քարոզարշավ էր վարել, խիստ քննադատություններ հնչեցրել  իշխանության հասցեին, բայց չընտրվելով՝ համաձայնության գնաց նույն իշխանությունների հետ և դարձավ  իշխանության մաս: Դեռ այն ժամանակ դավաճանեց իր թիմին և չդարձավ ընդդիմություն»,-ասաց նա:

Լալայանը նշեց, որ իր տեղեկություններով հիմա էլ Մայիլյանի թիմակիցները դժգոհ են Մայիլյանից.«Որքանով տեղյակ եմ  Մայիլյանի թիմակիցների համար նրա որոշումը անսպասելի է եղել: Բայց ինձ համար անակնկալ չէր, քանի որ նման իրավիճակի արդեն ականատես եղել եմ»:

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի այս որոշմանը՝ Լալայանը նշեց. «Հարությունյանը փորձում է բոլոր ուժերին համախմբել իր շուրջը, որը շատ բնական է երկրի ղեկավարի դեպքում: Նա հստակ գիտակցում է, որ պետք է ամեն ինչ անի, որպեսզի իրեն խանգարող ներքին ուժեր չլինեն, որի արդյունքում էլ կկարողանա իր նախընտրական ծրագրերն իրականացնել: Երկրի ղեկավարի դեպքում այս պահվածքը տրամաբանական է, զարմանալին՝ Մայիլյանի պահվածքն է»:

Լալայանի խոսքով՝ Մայիլյանի դեպքում, շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե նա ընդդիմություն դառնար՝ հաշվի առնելով  քարոզարշավի ժամանակ նրա հնչեցրած  խիստ գնահատականներն ու դժգոհությունները:

«Տրամաբանական կլիներ, եթե իր թիմի հետ միասին Մայիլյանը դառնար ընդդիմություն և խոշորացույցի տակ պահեր  իշխանության յուրաքանչյուր քայլը»,-ընդգծեց նա:

Արայիկ Հարությունյանի մեկ այլ որոշմամբ, նախկին իշխանության ներկայացուցիչներից Սամվել Բաբայանը  նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:

Պատասխանելով Հարությունյանի այս նշանակմանը վերաբերող մեր հարցին, Լալայանը նշեց.«Սամվել Բաբայանի կուսակցությունը քաղաքական ուժ է՝ խորհրդարանում իր տեղն ունեցող: Այս նշանակումը տրամաբանական է, քանի որ նրանք մեծությամբ երկրորդ կուսակցությունն են և պետք է նրանց հետ հաշվի նստել: Բայց Մասիս Մայիլյանի կուսակցությունը խորհրդարան չի անցել և Արայիկ Հարությունյանը կարող էր Մայիլյանին պաշտոն չառաջարկել: Թերևս, նախագահի նման որոշման համար հիմք է հանդիսացել Մայիլյանի աշխատանքային փորձառությունը»:

Լալայանը հիշեցրեց, որ Հարությունյանը մեկ անգամ չէ որ հայտարարել է, որ իր համերաշխությունը կարևոր է.«Թերևս նա իր շուրջն է հավաքում բոլոր ուժերին, որպեսզի ներքին խնդիրներ չլինեն և կարողանա հիմնական ուժերը ուղղել տնտեսության զարգացմանը և անվտանգությոն հարցերին, քանի որ դրանք շատ կարևոր են»: