Մեր հետագա անելիքների մասով քննարկել ենք մի քանի սցենարներ: Այս մասին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով.  «Ես չեմ ուզում թաքցնել, որ քննարկել ենք նաև տոտալ արգելափակումների փուլ մտնելու տարբերակը, ինչպես նաև պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասն արգելելու տարբերակները: Այդ քննարկումների համատեքստում ես ինքս ներդաշնակ չեմ որոշումների որևէ մեկի կապակցությամբ: Մենք նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինենք, որ դրանք լուծելու են մեր պրոբլեմները»: 

 

Վարչապետը նաև անդրադարձավ կանխավարկածին, թե Հայաստանում  կորոնավիրուսի համաճարակի գագաթնակետը կլինի հունիսի վերջին. «Մենք ելնում ենք այն կանխավարկածից, որ կորոնավիրուսի համավարակի գագաթնակետը պետք է լինի հունիսի վերջին: Հարցն այն է, որ դա հիմնավորող ու ապացուցող որևէ տվյալ չկա: Որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին, ոչ թե հոկտեմբերին, դեկտեմբերին, կամ 2021-ի փետրվարին»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ իրական լուծումն անհատական վարքագծի փոփոխությունն է. «Ենթադրենք ինչ-որ հրաշքով կորոնավիրուսի համավարակի ցուցանիշը Հայաստանում դարձել է զրո: Սակայն աշխարհում այն գոյություն ունի, ուստի, եթե անհատական վարքագիծ չփոխվի, այն պահին, երբ մենք բացվենք, պոտենցիալ վարակված մարդիկ գալու են Հայաստան ու մենք ամեն ինչ սկսելու ենք զրոյից»: