Երեկ մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ՝ համերաշխություն հայտնելու Միացիալ նահանգներում համակարգային ռասիզմի և ոստիկանական ամենաթողության դեմ մասայական ցույցերին։ Ցույցը լուսաբանել է epress.am-ը, որը պատկանում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանին: Լրատվամիջոցը, հիշեցնենք, բավական մեծ գումարների հասնող գրանտներ է ստացել և ստանում Բաց հասարակության հիմնադրամից:

 

Սակայն, ուշագրավն այն է, թե ինչ կապ ունեն ընդհանրապես մեր քաղաքացիները ԱՄՆ ներքաղաքական զարգացումների հետ, այն էլ մի իրավիճակում, երբ մեր երկրում կուտակված խնդիրները բնավ պակաս սուր չեն: Ցույցը հսկող ոստիկանների լոյալությունը, ցույցը լուսաբանողների ծագումնաբանությունը հուշում է մի պարզ իրողություն. նման հավաքը չէր կարող տեղի ունենալ առանց վերևների հետ համաձայնեցնելու, կամ ինչու ոչ՝ անմիջական հրահանգով: Ի՞նչ է փորձում այսպիսով արևմուտքին հասկացնել Փաշինյանը: Հավաքը ակնհայտ մեսիջ է Վաշինգտոնին, որ Հայաստանում առկա են որոշակի հակաարևմտյան տրամադրությամբ խմբեր և եթե արևմուտքը որոշի երես թեքել Փաշինյանից, ապա այդ խմբերը կարող են գլուխ բարձրացնել:

Մյուս կողմից նման հավաք կազմակերպելու նպատակը ռևերանսն էր Մոսկվային: Գազի գնի շուրջ տեղի ունեցող զարգացումների և գահավիժող վարկանիշի ֆոնին Փաշինյանը հասկանում է, որ Մոսկվան կարող է պարզապես կտրուկ քայլերի գնալ և փոխարինել իրեն, այդ իսկ պատճառով ամեն գնով փորձում է կարգավորել հարաբերությունները ՌԴ-ի հետ, այդ թվում՝ նման ռևերանսներով: Սակայն, մյուս կողմից ուշագրավ է, որ ԱՄՆ–ն անպատասխան չի թողել Փաշինյանի այս ժեստը: Հավաքից տառացիորեն ժամեր անց Հայաստանում ԱՄՆ դեսպանը ակնարկեց, որ չնայած Freedom House-ի զեկույցը այս տարի Հայաստանի համար դրական էր՝ դա չի նշանակում, որ չկան խնդիրներ: Այսինքն՝ ԱՄՆ հասկացնում է Փաշինյանին, որ իր քաղաքական մանեվրի բուն նպատակները հասկացվել են և եթե Փաշինյանը շարունակի նույն ոգով՝ գալու է խնդիրների մասին խոսելու ժամանակը…