Նոր Զելանդիայի Կառավարությունը վերացրել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով ներդրված բոլոր սահմանափակումները, գրում է Sydney Morning Herald֊ը՝ վկայակոչելով վարչապետ Ջասինդա Արդերնին։ Հրապարակման համաձայն՝ երկրում չկան COVID-19- ի ակտիվ դեպքեր։ Վարակի նոր դեպքեր չեն գրանցվում արդեն 17-րդ օրն անընդմեջ: Երկուշաբթի՝ հունիսի 8-ին, վերջին կորոնավիրուսային հիվանդը դուրս է գրվել բժշկական հաստատությունից: Այս կապակցությամբ Արդերնը հայտարարեց սահմանափակումների լիակատար վերացման մասին՝ ներառյալ սոցիալական հեռավորությունը պահպանելու պահանջը: Արշիպելագի բնակիչները կրկին կկարողանան իրականացնել ցանկացած չափի ու ծավալի միջոցառում: Հասարակական տրանսպորտը կվերսկսի աշխատանքը երկրում, կբացվեն հյուրանոցները, մանրածախ առևտուրը, ռեստորանները, կթույլատրվի ճանապարհորդել ամբողջ երկրում առանց սոցիալական հեռավորության պարտավորության: Միակ սահմանափակումը, որը դեռ ուժի մեջ է մնում երկրում, սահմանի վերահսկումն է: Բոլոր արշիպելագ ժամանողները կստուգվեն կորոնավիրուսի առկայության համար և կուղարկվեն պարտադիր 14-օրյա կարանտինի: