Եկամուտների համատարած հայտարարագրման մեխանիզմի ներդրման նախագիծը միանշանակ չընդունվեց: Ոլորտի ներկայացուցիչների մի մասը պնդում է, որ դեռ վաղ է մեր երկրում նման ծրագիր իրականացնել: Համընդհանուր հայտարարագրման համակարգն իրենից ենթադրում է հայտարարագրում՝ բացառապես բոլորից: Մեծապես խնդիր է դառնում տրանսվերտների հարցը: Հայտնի փաստ է, որ մեր շատ համերկրացիներ աշխատում են ՌԴ-ում և այնտեղից ապրուստի գումար ուղարկում իրենց ընտանիքներին: Թե ինչ հետևանքներ կունենա համընդհանուր հայտարարագրումն այդ մարդկանց համար, ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը փորձեց պարզել տնտեսագետ, «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանից:
«Նախ մենք խնդիր ունենք եկամուտների ինստիտուտի հետ: Արդյոք մեր երկրում եկամուտների ինստիտուտը կայացած է այնքան, որ օրենքով սահմանած կարգով կարողանան տարանջատում մտցնել, թե եկամուտի որ շեմն է հարկվող, որը հարկվող չէ: Սա նշում եմ, քանի որ իրենք արտերկրից եկող տրանսվերտները յուրաքանչյուր ընտանիքի համար դիտարկում են որպես առանձին եկամուտ: Եթե համընդհանուր հայտարարագրում է կիրառվում, ապա այդ գումարները հայտարարագրվում են որպես եկամուտ: Բայց մենք ունե՞նք տարանջատում, թե որ գումարն է համարվում գոյությունը պահող գումար և որը կհամարվի ճոխության գումար»,-նշեց Ամիրխանյանը:
Տնտեսագետի խոսքով՝ մեկ այլ խնդիր է արտերկրից եկող տրանսվերտների հայտարարագրելը. «Անկախ այն պնդումների, որ ունենք կրկնակի հարկումից խուսափելու պայմանգիր՝ չկա երաշխիք, որ այդ գումարը կրկնակի չի հարկվի: Հարկում, բնականաբար, կլինի, բայց պետք է հստակ իմանանք, թե որ հարկային տարբերության չափով այն կհարկվի: Հարցն այն է, որ այդ տարբերությունը միևնույն է վճարվելու է»:
Նա նշեց, որ առանձին ընտանիքներ, որոնց եկամուտի միակ աղբյուրը արտասահմանից եկող տրանսվերտներն են, իրենց վրա զգալու են այդ տարբերությունը. «Այդ ընտանիքները փորձելու են չհայտարարագրել կամ մասմաբ հայտարարագրել այդ գումարները: Բոլորն են հասկանում, որ այդ տարբերակով իրենց եկամուտը նվազելու է»:
Ամիրխանյանը ընդգծեց, որ խիստ կարևոր է, որ բարեփոխումները հաշվարկված լինեն լիարժեք, որպեսզի քաղաքացիներին չդրդեն հակաօրինական քայլերի:
«Մյուս կողմից, կարևոր եմ համարում նշել, թե որքանո՞վ է արդար դրսում ստեղծված արժեքի վրա հարկային բեռ սահմանելը»,-եզրափակեց նա: