Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ նավթի գների անկման հետ կապված' կառավարությունը դեռեւս չի քննարկում բյուջեում փոփոխություններ կատարելու հարցերը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այն հարցին, որ ներկա դրությամբ նավթի համաշխարհային գները 40 տոկոսով անկում են գրանցել տարվա սկզբին ունեցած գների համեմատ, Շարիֆովը լրագրողներին ասել է. «Մենք հետեւում ենք միջազգային շուկաներում նավթի գների անկման հետ կապված իրավիճակին: Մենք դեռեւս չենք քննարկում բյուջեում փոփոխություններ կատարելու հարցը: Սակայն, նավթի գների անկման հետեւանքով սպասվում է Նավթի պետական հիմնադրամի եկամուտների նվազում, որ ից սնվում է բյուջեն»:
Ադրբեջանցի նախարարը հրաժարվել է ենթակառուցվածքային նախագծերի իրագործումը շարունակել-չշարունակելու հարցերով մեկնաբանություններից. «Այդուհանդերձ, մենք քննարկելու ենք այն նախագծերը կանգնեցնելու հարցը, որոնք երկարաժամկետ հեռանկարում մեզ պետք չեն», -ասել է Սամիր Շարիֆովը:
Նյու Յորքի NYMEX ապրանքային սակարանում WTI տեսակի տեխասյան նավթի մեկ բարելի գինը 0,98 դոլարով այսօր նվազելլ եւ կազմել է 62,49 դոլար: Լոնդոնի ICE սակարանում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը 2,8 դոլարով էժանացել եւ կազմել է 65,35 դոլար:
Ամերիկյան հայտնի Morgan Stanley բանկի կանխատեսումներով' 2015 թվականին նավթի գների անկումը շարունակվելու է եւ մեկ բարել «սեւ ոսկու» գինը, նույնիսկ, կարող է հասնել 43 դոլարի: