Չնայած նավթի համաշխարհային գների անկմանը, չարժե սպասել, որ Ադրբեջանում կնվազեն մթերքի եւ այլ ապրանքների գները: Հակառակը' այդ ապրանքների գները կբարձրանան' պետբյուջեն լցնելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, haqqin.az-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի սպառողների միության ղեկավար Էյուբ Հուսեյնովը:
Նա հիշեցրել է Ադրբեջանում պարադոքսալ իրավիճակի մասին, որը տեղի էր ունեցել այն ժամանակաշրջանում, երբ ֆինանսա-տնտեսական գլոբալ ճգնաժամի ժամանակ եվրոպական երկրներում սպառողները ապրանքներ էին գնում խիստ ցածր գներով, իսկ Ադրբեջանում չինովնիկները հպարտությամբ հայտարարում էին, որ ապրանքների գների նվազում չկա: «Այնինչ, նրանք ոչ թե պետք է ուրախանային եւ հպարտանային, այլ տրտմեին եւ բացահայտեին, թե ինչու է դա տեղի ունենում»,- զարմանում է փորձագետը:
Է.Հուսեյնովը նշել է, որ Ադրբեջանում սննդի եւ այլ ապրանքների գները մինչ օրս միջին եվրոպականից շատ ավելի բարձր են, ինչն իր հերթին ապացուցում է, որ երկիրը ինտեգրված չէ համաշխարհային շուկային, եւ չի խաղում այնտեղ ընդունված կանոններով:
Նա պնդում է, որ Ադրբեջանում առկա է տեղական մենատերերի միջեւ շահավետ կարտելային պայմանավորվածություն. նրանք զավթել են շուկայի բոլոր հատվածները: Է.Հուսեյնովը մեղադրել է Ադրբեջանի խորհրդարանին այն բանում, որ արդեն 5-րդ տարի է' երկրի օրենսդիր մարմինն ի վիճակի չէ հակամենատիրական օրենսգիրք ընդունել:
«Մենատիրությունը թույլ չի տալիս, որ Ադրբեջանում մեկ անգամ բարձրացված գները երբեւէ իջնեն: Այժմ եւս, աշխարհում նավթի գների նվազելուց հետո, ես մեզ մոտ սննդի եւ այլ ապրանքների գների անկում չեմ սպասում: Հակառակը, վախենում եմ, որ դրանք բարձրացվեն, քանի որ պետք է ինչ-որ կերպ լցնել պետական բյուջեն: Այնպես որ, դա կարող է արվել շատ մեծ թվով ապրանքատեսակների գների բարձրացման միջոցով», -եզրափակել է Է.Հուսեյնովը: