Ադրբեջանում երկյուղով են հետեւում նավթի համաշխարհային գների օրեցօր անկման վերաբերյալ լուրերին: Ադրբեջանական բոլոր ԶԼՄ-ներն ամեն օր հայտնում են միջազգային ապրանքային սակարաններում նավթի հաստատված գները:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 30-ին Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 57 դոլար: Նյու Յորքի NYMEX (New York Mercantile Exchange) ապրանքային սակարանում WTI տեխասյան նավթի մեկ բարելի գինը կազմել է 53,39 դոլար: Լոնդոնի ICE (Inter Continental Exchange Futures) սակարանում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 57,63 դոլար:

 

Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) մարկետինգի եւ տնտեսական գործողությունների վարչությունը faktxeber.com-ին հայտնել է, որ դեկտեմբերի 25-ին Լոնդոնի ապրանքային սակարանում «ԱզերիLayt» տեսակի նավթի մեկ բարելի գինը կազմել է 60,88 դոլար:

 

Ադրբեջանի 2015 թվականի պետական բյուջեում նավթի գինը նախատեսված է 90 դոլար: Ադրբեջանի պետբյուջեն 66 տոկոսով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին, առկա է նաեւ անուղղակի կախվածություն: Ադրբեջանի արտահանման 95 տոկոսը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները:

 

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունում' SOCAR-ում արդեն սկսել են հաշվել նավթի գնի անկման հետեւանքով սպասվող կորուստները: SOCAR-ի փոխնախագահ Սուլեյման Գասըմովը դեկտեմբերի 25-ին Բաքվում կազմակերպված մամուլի ասուլիսում հայտարարել է, որ եթե նավթի մեկ բարելի ներկայիս 60 դոլար գինը պահպանվի նաեւ 2015 թվականին, ապա Ադրբեջանի պետական նավթային ընկերության կորուստը կկազմի մոտ 400 մլն մանաթ (մոտ 510 մլն դոլար):

 

Նավթի գների անկման հետ կապված' Ադրբեջանի նավթարդյունաբերության ոլորտում էներգակիրների արդյունահանման ծավալների եւ աշխատակիցների զանգվածային կրճատումներ են սկսվել: