Նավթի համաշխարհային գները հոկտեմբերի 2-ի սակարկությունների ընթացքում ընկնում են դոլարի ամրապնդման ֆոնի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայում են սակարկությունների տվյալները:

 

Երևանի ժամանակով ժամը 8.00-ի դրությամբ Հյուսիսային ծովի Brent Crude Oil մակնիշի նավթային խառնուրդի նոյեմբերյան ապառնագրերի գինն իջել է 0,5 տոկոսով՝ մինչև վերջին երկու տարվա ընթացքում իր նվազագույն ցուցանիշը՝ բարելի դիմաց մինչև 94,21 դոլար: WTI մակնիշի թեթև նավթի նոյեմբերյան ապառնագրերի արժեքն իջել է 0,3 տոկոսով՝ բարելի դմաց մինչև 90,89 դոլար:

 

ՌԻԱ «Նովոստին» նշում է, որ Brent մակնիշի նավթի գինն ընկել է վերջին երկու տարվա ընթացքում իր նվազագույն ցուցանիշն այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիայի նավթի արժեքն սկսել է ցած սահել:

 

«Սաուդյան Արաբիայի նավթի գների նվազումն այն բանի նշանն է, որ նա այլևս չի կրճատի արտադրությունը և, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է պայքարել շուկայի համար»,- մեկնաբանել է Նյու Յորքի Again Capital LLC-ի վերլուծաբան Ջոն Քիլդաֆը, որի խոսքը մեջբերել է Bloomberg գործակալությունը: