Նավթի գների անկումը կնպաստի ԱՄՆ-ի եւ աշխարհի մյուս երկրների տնտեսության աճին, թեեւ բացասաբար կազդի նավթ արդյունահանող երկրների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով THe Wall Street Journal-ին, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը:

 

«Դա լավ նորություն է համաշխարհային տնտեսության համար: Կլինեն հաղթողներ եւ տանուլ տված նավթ արտահանող երկրներ, բայց, ընդհանուր առմամբ, դա լավ է»,- նշել է Լագարդը:

 

Կշահի, մասնավորապես ԱՄՆ-ն, որի տնտեսությունը, ըստ ԱՄՀ-ի կանխատեսումների, 2015 թվականին 3,1 տոկոսի փոխարեն, ինչպես ավելի վաղ սպասում էր Հիմնադրամը, կաճի 3,5 տոկոսով: Պարտվողների թվում կլինի Ռուսաստանը, որը, Լագարդի խոսքով, նավթի ցածր գների պատճառով կդառնա «ավելի խոցելի»: Ընդսմին ԱՄՀ-ի ղեկավարը նշել է, որ ՌԴ-ի անկայուն տնտեսական դրությունը, որի վրա ազդում են նաեւ պատժամիջոցները եւ ռուբլու փոխարժեքի թուլացումը, բացասաբար կազդի ամբողջ մոլորակի աշխարհաքաղաքական իրադրության վրա:

 

Brent եւ WTI մակնիշների նավթի գները նվազում են արդեն հինգերորդ ամիսն անընդմեջ: Վերջին անգամ նավթի գների այսչափ տեւական անկում է գրանցվել 2008 թվականի ֆինանսական ճգնաժամի շրջանում: