Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն 55 ՄՎտ հզորությամբ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցումը հավակնոտ և տարածաշրջանի համար աննախադեպ ծրագիր է համարում: «Շատ ուրախ եմ տեսնել, որ երեք տարվա ինտենսիվ աշխատանքից հետո մենք պատրաստվում ենք իրականացնել այս հավակնոտ ծրագիրը: Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայանի ծրագիրը Հայաստանի համար բավականին հրապուրիչ հնարավորություն է էներգետիկ ոլորտը զարգացնելու համար: Սա Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ամբողջ տարածաշրջանում առաջին աննախադեպ նախաձեռնությունն է: Բաց և թափանցիկ մրցութային գործընթացը կարող է ստեղծել օրինակելի փորձ հետագա ներդրումները Հայաստան ուղղելու համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ' Երևանում ծրագրի նախամրցութային համաժողովին ասաց Սիլվի Բոսութղոն:
Համաշխարհային բանկի ներկայացուցչի խոսքով' այս ոլորտում իրենք աջակցում են ինչպես անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով փոխառու միջոցներ տրամադրելով, այնպես էլ պետական մարմիններին խորհրդատվություն մատուցելով: Օժանդակել են կառավարությանը նշյալ ծրագրի իրականացման բոլոր փուլերում: «Այս ծրագրի նախապատրաստման փուլում Համաշխարհային բանկը համագործակցել է ՀՀ կառավարության հետ, աջակցություն է տրամադրել' տեղում իրականացնելով էներգետիկ հզորության ներուժի, շրջակա միջավայրի վրա ազդեցության, ինչպես նաև սոցիալական գնահատում: Մենք վարձել ենք խորհրդատուներ, որ պատրաստենք մրցութային գործընթացը»,-ասաց ՀԲ Երևանի գրասենյակի ղեկավարը:
Նա գոհունակությամբ փաստեց, որ ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող կազմակերպությունների ներգրավվածություն է ապահովվել մրցույթին:
Այս ծրագրով նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում կառուցել 46-55 ՄՎտ դրվածքային հզորությամբ Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային կայան: Հայտարարվել է մրցույթ' կայանի նախագծման, ֆինանսավորման, կառուցման, տնօրինման և շահագործման նպատակով: Հաղթող կճանաչվի ամենացածր սակագին առաջարկող մասնակիցը: Մրցույթի արդյունքները նախատեսվում է ամփոփել 2018-ի գարնանը և ընտրել այն ընկերությունը կամ կոնսորցիումը, որն իրավունք կստանա իրականացնել ծրագիրը:
Ծրագիրն իրականացվելու է պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով, որը նախապատրաստվել է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶԵԲ) միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում: