Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ընդունել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի Միջին արևելքի, Աֆրիկայի և նոր տարածքների գծով գործադիր տնօրեն Նիկոլաս Ֆասկելին և կոնսորցիումի Մերձավոր Արևելքի, Ասիայի և Ավստրալիայի գծով գործադիր տնօրեն Տրիստան Իգուերոյին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Զրուցակիցները քննարկել են Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագրի իրականցմանն առնչվող հարցեր, որի իրավունքը միջազգային մրցույթի արդյունքում ստացել է վերը նշված կոնսորցիումը:
Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս արևային էներգետիկայի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը՝ այս համատեքստում կարևորելով Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագիրը: Նա ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է սերտորեն համագործակցել գործընկերների հետ՝ ծրագիրը հաջողությամբ կյանքի կոչելու համար:
Նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումի ներկայացուցիչները նշել են, որ շահագրգռված ու հետաքրքրված են մեր երկրում արևային էներգետիկայի ոլորտում նշված ծրագրի իրականացմամբ և ներկայացրել արևային էներգետիկայի զարգացման գործում ունեցած փորձը տարբեր երկրներում: