Եվրոպայի Խորհրդի Երևանի գրասենյակը կազմակերպել էր «Քրեական արդարադատության վերականգնողական արդյունավետ մոտեցումների ուսումնասիրություն. միջազգային մոտեցումներ» խորագրով համաժողով, որին մասնակցել են տարբեր երկրների մասնագետներ և փորձագետներ:
Ինչպես տեղեկացնում է Երևանում ԵԽ գրասենյակը, «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հզորացմանը» ծրագրերի շրջանակներում Պոմպիդու խմբի և Եվրոպական պրոբացիայի կոնֆեդերացիայի հետ համագործակցությամբ կազմակերպված այս համաժողովը նպատակ ուներ խթանել բովանդակալից քննարկում և փոխանակել տեսակետներ միջազգային համատեքստում վերականգնողական պրակտիկայի վերաբերյալ՝ քրեական արդարադատության առանցքային նպատակների տեսանկյունից՝ աշխարհում հասարակական անվտանգության բարձրացման և ռեցիդիվի մակարդակի նվազման նպատակով։
Երկու ծրագրերն էլ Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների՝ Հայաստանի համար գործողությունների ծրագրի մաս են կազմում։
Եվրոպայի խորհրդի փորձագետները ներկայացրել են լավագույն փորձը և օրինակները այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են՝ վերականգնողական աշխատանքների կարևորությունը ռեցիդիվ հանցագործությունների նվազեցման և սոցիալական ներառման խթանման համար, հատուկ իրավախախտների խմբերի հատուկ խնդիրների և կարիքների լուծման, ինչպես նաև ծրագրերի ազդեցության չափման և արդյունավետության գնահատման թեմաներով։
Միջոցառմանը մասնակցեցին Արդարադատության նախարարության, Պրոբացիայի և Քրեակատարողական ծառայությունների, ինչպես նաև՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես եկան Եվրոպայի Խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Եվրոպայի խորհրդի Թմրամիջոցների և կախվածությունների միջազգային համագործակցության խմբի (Պոմպիդու խումբ) գործադիր քարտուղար Դենիս Հուբերը։
«Նրանք լիահույս են, որ վերականգնողական աշխատանքները կարևոր դեր են խաղում ռեցիդիվ հանցագործությունների նվազեցման և սոցիալական ներառման համար։ Այս առումով համագործակցությունը չափազանց կարևոր է, և Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին այդ ուղղությամբ»,- նշված է ԵԽ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Աշխատաժողովի օրակարգը ներառում էր նաև պանելային քննարկումներ և հարցուպատասխանի նիստեր: