Այսօր՝ հունիսի 5-ին, առեղծվածային ու արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Վաղ առավոտյան քաղաքացիները, գալով ժողովրդին հայտնի Վարդավառի այգի, այնտեղ դեռ խորհրդային տարիներից եղած «Թոխմախ գյոլ»-ում հայտնաբերել են մեծ քանակով սատկած և ջրի ափին հայտնված ձկներ։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Ա յս պահին ժամանել են միայն ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, ովքեր լճի ողջ տարածքը վերցրել են իրենց հսկողության տակ, քանի որ կան քաղաքացիներ, այդ թվում՝ երեխաներ, ովքեր ձկներ են դուրս բերում լճից և տանում, սակայն չիմանալով, որ հնարավոր է՝ այդ ձկները թունավորված լինեն։
Խնդրի մասին տեղյակ են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության 911 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը, Երևանի քաղաքապետարանը, Շրջակա միջավայրի նախարարությունը և համապատասխան փորձաքրեագիտական կենտրոնը։
Այս պահին ոստիկանները սպասում են, մինչև կժամանեն նշված գերատեսչությունների մասնագետները։
Թե ինչ հանգամանքներոմ են ձկները սատկել, իսկ մեծ մասը դուրս եկել ջրի երես, մնում է առեղծված։
Տեղում նաև մի քաղաքացիներ, ովքեր երկար տարիներ զբաղվել են ձկնորսությամբ, 2 վարկած էին առաջ քաշում․ կա՛մ թթվածնի պակասն է, կա՛մ թունաքիմիկատներ են լցրել լճի մեջ։
Ըստ «Էկո-մեդիայի» համահիմնադիր Նարինե Կիրակոսյանի. ««Թոխմախի գյոլ», կամ Արգիշտիի լճի երեսին, աներեւակայելի քանակությամբ ձկների հայտնվելը, դրանց մի մասի սատկելու պատճառը կարող է լինել հիմնականում թթվածնի պակասության պատճառով։ Ենթադրելի է, որ ինչ-որ մեկը ինչ-որ ժամանակ լիճ է բաց թողել մանրաձուկ։ Հիմնականում պնդաճակատ, այլ կերպ ասած толстолобик տեսակի ձուկ։ Ձուկը արագ մեծացող տեսակ է և ըստ հավանականության ջուրը այդ քանակի արդեն մեծացած ձկան համար համ քիչ է դարձել, համ պղտոր, կեղտոտ, ձուկն էլ թթվածնի պակասի առաջ է կանգնել, սկսվել է անկման պրոցեսը։
իճը Երևանի ամենահին արհեստական ջրավազանն է, այն կառուցվել է մեր թվարկությունից առաջ VIII դարում Արգիշտի արքայի կողմից և կոչվել Արգիշտի ծով։ Այն կառուցել է Էրեբունի բերդաքաղաքը Հրազդան գետից հոսող և այստեղ կուտակվող ջրով ապահովելու համար։ Շուրջ երեքհազարամյա պատմություն ունեցող այս լիճը չի փոխվել իր չափսերով և գրեթե նույնությամբ պահպանվել է մինչև օրերս։
Եվ ձկների հայտնվելը այս լճում, այն էլ այդ քանակությամբ և այդ տեսակների կարող էր լինել միայն ինչ-որ մեկի կողմից, ով որոշել է լիճը դարձնել ձկնաբուծարան։ Հնարավոր է, դա դիտավորյալ չի արվել։ Չի բացառվում, որ Հրազդանի վրա ձկնաբուծարան է եղել և ձուկը «փախել է»: Ամեն դեպքում ձկներին փրկելու համար, պետք է մի մասին լճից հանել, մնացածի համար էլ ջուր ավելացնել, որ թթվածնի բալանսը լճում կարգավորվի։ Նաև քիմիական անալիզի է պետք անցկացնել ջրի որակի, որ բացառվի թունավոր նյութերի, այդ թվում ծանր մետաղների առկայությունը լճի ջրում և ձկան մեջ»:
Կիրակոսյանը հավելեց, որ ավելի ստույգ երևույթը կուսումնասիրեն և եզրակացություն կարտահայտեն ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ձկնաբանները։