Փետրվարի սկզբին Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերը երկրին հասցրել են 34,2 միլիարդ դոլարի վնաս, ըստ Համաշխարհային բանկի վերլուծաբանների, գրում է Reuters-ը։ Ենթակառուցվածքները վերականգնելու և քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար երկու անգամ ավելի կպահանջվի, նշում է գործակալությունը։
Թուրքիայում Համաշխարհային բանկի մշտական ներկայացուցիչ Հումբերտո Լոպեսը նշել է, որ այս երկրաշարժերի պատճառով 2023 թվականին Թուրքիայի ՀՆԱ-ի աճը 4-ից կդանդաղի մինչև 3,5 տոկոս։
«Զեկույցը նաեւ ընդունում է, որ վերականգնման եւ վերակառուցման արժեքը կլինի շատ ավելի բարձր, գուցե կրկնակի, եւ որ ՀՆԱ-ի կորուստները, որոնք կապված են տնտեսական խաթարման հետ, նույնպես կավելացնեն երկրաշարժերի արժեքը», - բացատրում է կազմակերպությունը:
Դեռևս հայտնի չեն Սիրիային հասցված վնասների ստույգ թվերը, որը նույնպես տուժել է երկրաշարժերից։
Փետրվարի 6-ին Թուրքիայում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Դրանք դարձել են ամենահզորը վերջին 84 տարվա ընթացքում։ Ավերածությունների հետեւանքով զոհվել է ավելի քան 40 հազար մարդ, եւս 100 հազարը վիրավորվել է։
Երկրաշարժերից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել էր, որ սեյսմիկ ակտիվ գոտիներում բարձրահարկ շենքեր այլեւս չեն կառուցվի։