Նավթի համաշխարհային շուկայում գների աննախադեպ արագընթաց անկումն ամբողջությամբ նավթից կախված պետբյուջե ունեցող Ադրբեջանում կհանգեցնի սոցիալական դժգոհության: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, moderator.az-ին հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Թալիյաթ Ալիևը:
Ադրբեջանցի քաղաքական գործիչը կառավարությանը քննադատել է այն բանի համար, որ 2015 թվականի պետբյուջեում նավթի մեկ բարելի դիմաց գինը հաշվարկված է 90 ԱՄՆ դոլար:
Նրա խոսքով' նավթի համաշխարհային գների ներկայիս արագընթաց անկման պայմաններում դա անթույլատրելի է, քանի որ Ադրբեջանի պետբյուջեն նվազագույնը 70 տոկոսով ձևավորվում է նավթից ստացվող եկամուտների հաշվին:
«Ադրբեջանի պետբյուջեն ռիսկի չենթարկելու համար փորձագետները նավթի մեկ բարելի գինն առաջարկեցին հաշվառել 80 դոլար, սակայն, կառավարությունը դրան չգնաց: OPEC-ը հրաժարվեց քայլեր կատարել նավթի գնի կայունացման համար: Այդ ամենը խիստ բացասական ազդեցություն կունենա 70-ից ավելի տոկոսով նավթից կախված բյուջեով Ադրբեջանի վրա: Եթե նավթի գինը շարունակի նվազել, ապա Ադրբեջանի եկող տարվա սոցիալական ծրագրերում, աշխատավարձերի, թոշակների վճարման մեջ խնդիրներ կծագեն, ինչն էլ երկրում սոցիալական դժգոհության կհանգեցնի»,- ասել է ադրբեջանցի քաղաքական գործիչը:
Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրեն Քրիստին Լագարդը The Wall Street Journal հանդեսին հայտարարել է, որ նավթի գների անկումը դրական ազդակ կտա համաշխարհային էկոնոմիկային, բայց նաև լուրջ ռիսկեր է պարունակում նավթից կախված երկրների համար: Նրա խոսքով' բյուջեի պարամետրերը ստիպված կլինեն փոխել բոլոր երկրները, որոնք կախված են էներգակիրների արտահանումից: