Իրանական նավթով «հսկայական նավատորմը» կարող է համաշխարհային շուկա դուրս գալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնմամբ և ԱՄՆ պատժամիջոցների մեղմացմամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Kpler վերլուծական ընկերության տվյալները։
«Իրանը ստեղծել է նավթով բեռնված հսկայական նավատորմ, որը շուտով կարող է հայտնվել շուկայում», - ասում է JTD Energy Services-ի տնօրեն Ջոն Դրիսկոլը:
Հրապարակման մեջ նշվում է, որ խոսքը նավերում պահվող 93 միլիոն բարել նավթի և գազի, ինչպես նաև Իրանի ցամաքային ջրամբարներում գտնվող նավթի պաշարների մասին է։
Դրիսկոլի խոսքով, եթե մոտ ապագայում Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկվեն, մեկ շաբաթից ավելի կպահանջվի ապահովագրության, փոխադրումների, ինչպես նաև այլ գործարքների կազմակերպման հետ կապված հարցերը լուծելու համար։
Նա հավելել է, որ որոշակի հեռանկարում Իրանը կփորձի մեծացնել նավթի արդյունահանումը և ավելացնել իր վաճառքը այլ երկրներին։ Բացի այդ, իրանական կողմը չի հրաժարվել եվրոպական նավթային շուկայից Ռուսաստանի դուրս գալուց հետո առաջացած դատարկությունը լրացնելու ծրագրերից։