Նավթի գինը վերջին երեք տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է գրանցել՝ կապված Իրանի հետ միջուկային համաձայնագրից դուրս գալու և Իրանի հանդեպ կրկին պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդունած որոշման հետ՝ գրում է svoboda.org-ը:

Խոսքը վերաբերում է կես տարի անց պատժամիջոցների վերականգնմանը, որոնք կվերաբերեն Իրանի նավթային սեկտորին և դրա հետ կապված միջազգային ֆինանսական գործարքներին:

«Բրենտ» ապրանքանիշի նավթի գինը չորեքշաբթի առավոտյան հասել է 78,20 դոլարի մեկ բարելի համար. դա 2014թ.-ից ի վեր գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:

 

Իրանը նավթի արտադրությամբ զբաղվող երկրների շարքում երրորդն է, և պատժամիջոցների պատճառով համաշխարհային շուկայում իրանյան նավթի մատակարարման կտրուկ նվազեցումը պատճառ է դառնում նավթի գնի բարձրացման համար: Նավթի գինը գնալով բարձրանում էր վերջին շաբաթների ընթացքում՝ կապված Թրամփի կողմից կայացվելիք որոշման հետ: Թեպետ երեքշաբթի օրը մամուլում տեղ գտած տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահը, հնարավոր է, փոխի իր մտադրությունը և դուրս չգա միջուկային համաձայնագրից, ժամանակավորապես կասեցրեց գների բարձրացումը, սակայն Թրամփի վերջին հայտարարությունից հետո նավթի գինը կտրուկ բարձրացավ: