Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեն կարգադրել Է հումքի օրական արդյունահանումն ավելացնել 500 հազար բարելով՝ նախապատրաստվելով Իսլամական Հանրապետության դեմ պատժամիջոցների չեղարկմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է իրանական Press TV հեռուստաալիքը:
Ավելի վաղ ԻՌՆԱ գործակալությունը մեջբերել Է Իրանի ազգային նավթընկերության (ԻԱՆԸ) ղեկավար Ռոքնուդդին Ջավադիի հայտարարությունն այն մասին, որ «նավթի արդյունահանման մակարդակն Իրանում փոփոխություններ չի կրի այնքան ժամանակ, քանի դեռ չեն վերացվել պատժամիջոցները»:
Ինչպես իր հերթին նշել Է «Մեհր» գործակալությունը, Զանգանեն արդյունահանման ավելացման մասին նամակ Է ուղարկել նավթարդյունաբերության եւ նավթային թերմինալների ղեկավարներին, ինչպես նաեւ ԻԱՆԸ-ին:
«Հաշվի առնելով իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը եւ պատժամիջոցների վերացումը, ինչպես նաեւ նավթի արտահանումն ընդլայնելու պատրաստակամությունը՝ մենք պատրաստ ենք արդյունահանումը մինչեւ նավթի նախարարի կողմից նշված առավելագույն մակարդակ ավելացնել երեք օրվա ընթացքում»,-հայտնել Է ԻԱՆԸ-ի դուստր կառույց կառավարիչ տնօրեն Բիժան Ալիպուրը:
Նախքան պատժամիջոցների սահմանումը Իրանն օրական արտահանում Էր 2,3-2,5 մլն բարել նավթ, այնուհետեւ այդ ցուցանիշը կրկնակի կրճատվել Է: Ջավադիի խոսքով՝ ԻԱՆԸ-ն կարող Է օրական արդյունահանումը 500-600 հազար բարելով ավելացնել մեկ ամսից Էլ պակաս ժամանակում, բայց առայժմ համաշխարհային շուկան չի կարող ընդունել այդ ծավալի լրացուցիչ մատակարարումներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: