Իրանը մտադիր Է առաջիկայում նավթի արդյունահանումն օրական 2,8 մլն բարելից ավելացնել մինչեւ 4,2 մլն բարել: Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նավթի նախարար Բիջան Նամդար Զանգենեն:

 

ԻՌՆԱ գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ Թեհրանը «չի սպասելու ԱՄՆ-ի թույլտվությանը», եւ որ ԱՄՆ-ի ու նրա արեւմտյան գործընկերների կողմից սահմանված պատժամիջոցները խոչընդոտ չեն դառնա արտահանումն ավելացնելու համար:

 

«Մենք նավթի արտահանումն ավելացնելու ծավալուն պլաններ ունենք, մենք արդեն ավելացրել ենք դրա արդյունահանումը, որպեսզի լրացնենք ՕՊԷՔ-ի բաժնեչափը»,-ասել Է նախարարը:

 

Զանգենեն զգուշավոր լավատեսություն Է հայտնել նավթային պատժամիջոցների չեղարկման հեռանկարների կապակցությամբ, բայց նշել Է, որ «եթե դրանք պահպանվեն, ապա մենք կաշխատենք՝ ելնելով այդ դրությունից», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: