Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԷՔ) պետք է նավթի օրական արդյունահանումը կրճատի առնվազն 5 տոկսով կամ մոտավորապես 1,5 մլն բարելով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Reuters-ին, հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիջան Նամդար Զանգանեն:

 

«Նույնիսկ ՕՊԷՔ-ի անդամ ամենապահպանողական պետությունները չեն հավատում, որ ՕՊԷՔ-ի կողմից նավթի արդյունահանումը պետք է գերազանցի օրական 30 մլն բարելը: Մենք գտնում ենք, որ այդ ցուցանիշը պետք է կրճատվի առնվազն 5 տոկոսով»,- ասել է Զանգանեն մամուլի ասուլիսում:

 

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի՝ աշխարհում նավթի խոշորագույն արտահանողի իշխանությունները հրաժարվել են կրճատել արդյունահանումը, որը օրական կազմում է 10,3 մլն բարել: ՕՊԷՔ-ի ղեկավար Աբդալա ալ Բադրին նշել է, որ նավթի արդյունահանման կրճատման հարցը կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե համանման որոշումներ ընդունեն կազմակերպության մեջ չմտնող երկրները, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը: